«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հարցազրույցը մտավորական, գրող-ճանապարհորդ, հետազոտող, լեզվաբան Սեւան Նիշանյանի հետ
-Պարո՛ն Նիշանյան, կներկայանա՞ք:
-Ծնվել եմ Պոլսում: Հաճախել եմ Մխիթարյան նախակրթարան, այնուհետեւ` Պոլսի շատ հայտնի ամերիկյան դպրոց: Սովորել եմ ԱՄՆ-ի Յեյլի եւ Կոլոմբիայի համալսարաններում, ուսումնասիրել եմ քաղաքագիտություն եւ փիլիսոփայություն: Վերադառնալով Թուրքիա` ընտանիքիս հետ հաստատվեցի Իզմիրի մոտակայքում գտնվող փոքրիկ գյուղում եւ ստանձնեցի գյուղը հիմնանորոգելու ու վերականգնելու գործը: Գյուղում մի քանի դպրոց-խմբակներ բացեցինք` թատերական, փիլիսոփայության, մաթեմատիկայի եւ այլն: Դրան զուգահեռ զբաղվում էի նաեւ լեզվաբանությամբ: 2002 թ. տպագրեցինք թուրքերեն տեղանունների արմատական բառարանը, որն արդիական է մինչ օրս: Այժմ Թուրքիայում անթիվ տեղանքներ կան, որոնց անվանումները թրքացված են, սակայն դրանք ի սկզբանե եղել են հայկական, հունական կամ քրդական տեղանուններ: Խնդիրն այն է, որ բավական քիչ վստահելի աղբյուրներ կան այդ տեղանունների վերաբերյալ, ուստի մեր գործն այդ ուղղությամբ շատ է: Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում կազմեցի թուրքական անձնանունների բառարանը, որոնց ծագումնաբանությունը մեծամասամբ հայկական, հունական ու քրդական է: Նախորդ դարում Պոլիսը կոսմոպոլիտ քաղաք էր, եւ օսմանյան Թուրքիան ջանք չէր խնայում օտար ծագում ունեցող տեղանուններն ու անձնանունները թրքացնելու: Նորօրյա թուրքական մշակույթը դեռեւս այդ ազդեցությամբ է գործում: Գուցե հենց դա է պատճառը, որ Թուրքիան չի ընդունում նախորդ դարասկզբի իր ցեղասպան քաղաքականությունը: Կատարածս ակադեմիական գործունեությունը մեծ ազդեցություն ունեցավ թուրքական հասարակության առավել կրթված շերտի վրա: Անշուշտ, Թուրքիայի կառավարությունը թշնամական ու մերժողական տրամադրվածություն ցուցաբերեց աշխատանքներիս հանդեպ, քանի որ թուրքական պատմության ամենակարեւոր տաբուների ու քողարկումների ուսումնասիրությամբ էի զբաղվում` բնականաբար, դրանք ջրի երես հանելու մտադրությամբ: Մեծ խնդիրներ ունեցա կառավարության հետ` ընդհուպ մինչեւ բանտարկություն: Ազատ արձակումից հետո տեղափոխվեցի Հունաստան:
-Կխոսե՞ք տեղանունների բառարանի մասին: Մոտավորապես քանի՞ հայկական, հունական կամ ասորական տեղանուններ կան, որ թրքացվել են:
-Բառարանում մոտ 18 հազ. թրքացված տեղանուն է ներկայացված, 2500 տեղանուն հայկական ծագման է: Երբ ցանկանում ենք այս 2500 տեղանունների քարտեզն ուսումնասիրել, մի շատ հետաքրքիր բան է կատարվում` գծագրվում են Հայաստանի 3-րդ կամ 4-րդ դարի քարտեզները: Սա ցույց է տալիս, որ այդ տեղանքները հայկական էին անգամ մինչ թուրքական պատմության ձեւավորումը: Այդ անվանումներն աղավաղված են այն աստիճան, որ դժվար է վերծանել դրանց ծագումնաբանությունը: Սեւ ծովի մոտակայքի գյուղերն ունեն հունական ծագումնական անվանումներ, իսկ հարավարեւելյան մասում գերիշխում են արաբական ու քրդական տեղանունները: Սեւ ծովի այն հատվածը, որը սահմանակից է Վրաստանին, բավական մեծ թվով վրացական տեղանուններ ունի` մի քանի հարյուրի հասնող: Տեղանունների արմատական անվանումներն անգամ կառավարական փաստաթղթերում են աղավաղված ներկայացված, հետեւաբար մեզ համար դժվարություն է առաջանում դրանց իսկական արմատները գտնելու հարցում: Ավելի քան 10 տարի աշխատում եմ այս ուղղությամբ: Վերջին երեք տարում խոր վերլուծություն եմ կատարում տեղանունների ստուգաբանության ուղղությամբ:
-Իսկ այժմ Հունաստանում ինչո՞վ եք զբաղվում:
-Հունաստանում եւս զբաղվում եմ լեզվաբանությամբ: Շարունակում եմ աշխատել տեղանունների ու անձնանունների բառարանի վրա: 2009-ին տպագրվեց տեղանունների բառարանը, իսկ 2019-ին` մեծ տարբերակը, որը, ի դեպ, բավական լայն պահանջարկ ունեցավ ընթերցողների ու փորձագետների շրջանում:
-Անձնանունների բառարանում ի՞նչ ծագումնաբանություն ունեցող անուններ են ներառված:
-Բառարանում տեղ են գտել Թուրքիայում գործածվող գերմանական, հունական, հայկական, քրդական եւ այլ ծագում ունեցող անձնանունները, որոնք խորությամբ եմ ուսումնասիրել:
-Դուք մի փոքր ներկայացրիք Թուրքիայում Ձեր ունեցած դժվարություններն ու բանտարկությունը: Այդ ժամանակաշրջանում Հայաստանում կար մտավորականների, հասարակական գործիչների մի խումբ, որ մեծ աջակցություն ցուցաբերեց Ձեզ: Ամեն ջանք գործադրվեց, որ Ձեզ այստեղ շնորհվի «Վիլյամ Սարոյան» մեդալ: Կցանկանայի Ձեր խոսքը լսել այս մասին:
-Անխոս, ես դա շատ եմ գնահատում եւ հպարտ եմ, որ մարդկանց այդ շրջանակներին ծանոթ եմ: Հպարտության առանձին առիթ է նաեւ «Վիլյամ Սարոյանի» մեդալը: Երախտիքս անսահման է: Երբ մարդը բանտում է գտնվում` արտաքին աշխարհի հետ որեւէ կապ չունենալով, մեկ էլ նրան հայտնում են, որ արժանացել է մեդալի: Դա հոգեբանական մեծ աջակցություն է, կարծես ուժ է տալիս դիմակայելու ու պայքարելու:
-Եվ վերջում, պարո՛ն Նիշանյան, կխոսե՞ք առաջիկա Ձեր անելիքների մասին` ի՞նչ եք ծրագրում անել, այսօր ինչի՞ վրա եք աշխատում:
-Բառարանների վրա աշխատելուն զուգահեռ ցանկանում եմ թուրքերենի պատմության մասին դասագիրք գրել ու հրատարակել, որպեսզի մեզ աղավաղված նյութեր չհրամցնեն: Կցանկանայի, որ դասագիրքը տեղ գտնի թուրքական դպրոցներում, սակայն, եթե թույլատրելի էլ չլինի, ապա, կարծում եմ, շատ մարդկանց այն օգտակար կլինի: Կարծում եմ` ամենակարեւորը գիտության ու ճշմարտության տարածումն է: