Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ծանր հետեւանքների վերացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ԱՀ կառավարությունը կարեւորում է տեղական արտադրանքի՝ բուսաբուծական եւ անասնապահական մթերքների արտադրության խթանումը: Նպատակ ունենալով շահագրգռել ֆերմերներին, հողի սեփականատեր գյուղացուն՝ գործադիրը հաստատել է մի շարք նոր ծրագրեր, որոնց իրագործումը, գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանի համոզմամբ, թույլ կտա աստիճանաբար հաղթահարել դժվարությունները, ցանքատարածությունների ու այգիների ընդլայնման, արդյունավետ մշակման շնորհիվ ավելացնել գյուղմթերքների արտադրությունը եւ նպաստել պարենային անվտանգության խնդրի լուծմանը:
Փոխնախարարի կարծիքով՝ չնայած պատերազմի պատճառած կորուստները հսկայական են, եւ եղանակային անբարենպաստ պայմաններն առայժմ հողագործներին հնարավորություն չեն ընձեռում լիարժեք ձեռնամուխ լինել գարնան դաշտային աշխատանքներին, սակայն առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ոլորտի զարգացմանն առավել ուշադրություն դարձնելու, պետական աջակցման միջոցով ավանդական ճյուղերի առաջընթացը շարունակելու, բերքատվության բարձրացման հաշվին գյուղմթերքների նկատմամբ սեփական պահանջմունքները ոչ միայն բավարարելու, այլեւ դրսից ներկրելու փոխարեն տեղում արտադրածն արտահանելու համար:
Եվ, որպես նպատակների իրագործման միջոց, նա հիմնավորում է բարեփոխումների ծրագրի կարեւորությունը: Այդ համատեքստում նախարարի տեղակալն առաջնահերթ է համարում ցանքաշրջանառության, ջերմատնային տնտեսության եւ այգեգործության զարգացման խթանումը: Ներկայացնելով հիշյալ նախագծերում շահառու դառնալու պայմանները՝ նա մանրամասնում է, որ ցանքաշրջանառության ծրագրով կառավարությունն ամբողջովին կամ մասնակի կսուբսիդավորի այնպիսի մշակաբույսերի սերմերի ձեռքբերումը, ինչպիսիք են՝ եգիպտացորենը, հնդկացորենը, արեւածաղիկը, կտավատը, կորնգանն ու առվույտը: Ասել է թե՝ պետության կողմից փոխհատուցում կտրվի 80-100 տոկոսով: Ընդ որում՝ ընդեղենի եւ ծխախոտի մթերման ժամանակ ստացված բերքի հաշվարկով նախատեսվում է լրավճար:
Անդրադառնալով ծրագրի շրջանակներում բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ զբաղվող հողօգտագործողների խրախուսմանը՝ Վ. Ավետիսյանն ընդգծեց, թե նրանց եւս պետական աջակցություն կցուցաբերվի: Նա կարծում է, որ այդ կերպ որոշակիորեն կթեթեւացվեն նրանց ծախսերը: Կառավարությունը կշարունակի նոր այգիների հիմնադրման ծրագիրը՝ խթանելով խաղողագործության զարգացումը հանրապետությունում, ինչպես նաեւ՝ նռան եւ պտղատուների հիմնումը: Նրա խոսքով՝ մասնակի փոխհատուցում է նախատեսվում նոր տնկիների ձեռքբերման նպատակով:
Ջերմատնային տնտեսությամբ զբաղվող շահառուների համար եւս որոշակի արտոնություններ կգործեն: Եթե ջեռուցվող ջերմատների պարագայում յուրաքանչյուր քառ. մետրի հաշվով կտրամադրվի 600 դրամ փոխհատուցում, ապա չջեռուցվող տնտեսություններին ցուցաբերվող աջակցության չափը կկազմի 300 դրամ: Տարբեր կլինեն եւ ջերմոցների կառուցման ծախսերը: Անհատական եւ ժամանակակից, հագեցած տեխնոլոգիաներով կառուցվող ջերմատների մասով յուրաքանչյուր քառ. մետրի դիմաց ներդրում կատարողներին կտրամադրվի 22 հազար, իսկ «ավանդական» ձեւով ստեղծված ջերմոցներին՝ 8 հազար դրամ: Փոխնախարարը, համոզմունք հայտնելով, որ բարեփոխումները կնպաստեն բացահայտելու նաեւ գյուղոլորտում չօգտագործված ներուժը եւ ծրագրերին մասնակից դարձնելու ավելի մեծ թվով փորձառու հողօգտագործողների, միաժամանակ նրանց հորդորեց նպատակային ծախսել հատկացվող գումարները՝ հիշեցնելով, թե գերատեսչության համապատասխան ծառայությունների կողմից խստորեն վերահսկվելու է ողջ գործընթացը:
Անդրադառնալով հանրապետությունում մեկնարկած գարնան դաշտային աշխատանքների հետագա ընթացքին՝ Վիլեն Ավետիսյանը հերքեց հանրության շրջանում տարածվող այն կասկածները, թե իբր «հողագործները շտապել են, եւ ձյան առատ տեղումներից հետո կատարված ցանքից դրական արդյունքներ պետք չէ ակնկալել»: Փոխնախարարը նշեց, թե, ընդհակառակը, ձյան հաստ շերտերը բարերար ազդեցություն կունենան ինչպես աշնանացան, այնպես էլ գարնանացան մշակաբույսերի աճի եւ բերքատվության վրա: Նրա խոսքով՝ մինչեւ տեղումները 2500 հեկտարի վրա հերկվել, մշակվել է հողը, պարարտացվել, ցանվել գարի, կտավատ, հաճար, որոշ քանակությամբ կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն: Վ. Ավետիսյանի դիտարկմամբ՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը բարձրանալու է, հողը կտաքանա, ու բարենպաստ պայմաններ են ի հայտ գալու գարնան դաշտային աշխատանքների վերսկսման համար: Ըստ գերատեսչության պատասխանատուի՝ վերջին օրերին տեղացած առատ ձյունը բացասական ազդեցություն չի ունենա նաեւ պտղատու այգիների վրա, քանի որ ծառերը հիմնականում դեռ չեն բողբոջել եւ «աչք կբացեն, երբ եղանակները տաքանան»…