Մասնագիտական գործունեության ոլորտում եւ, ընդհանրապես, կյանքում հաջողության հասնելու «գաղտնիքն» աշխատասիրությունն ու նվիրվածությունն են։ Դրանում համոզվել է պետական, քաղաքական գործիչ, ՌԴ սենատոր, լրագրող Լեւոն Չախմախչյանը ձեռքբերումներով ու փորձություններով լի կյանքի ճանապարհին։
Չախմախչյանը ծնվել է 1952 թ. օգոստոսի 30-ին Երեւանում։ Թիվ 34 ռուսական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, գերազանցությամբ ավարտել ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն դպրոցը, ինչպես նաեւ հեռակա ավարտել է Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։
Լրագրության ոլորտում առաջին քայլը կատարել է 10-րդ դասարանում. 1969 թ. փետրվար ամիսն էր, Երեւանում ընթացող ծանրամարտի մրցումների վերաբերյալ փոքր հոդված էր գրել, որը տպագրվում է «Կոմունիստ» հանրապետական թերթում՝ առաջարկելով հետագա համագործակցություն։ Համալսարանում սովորելուն զուգահեռ Չախմախչյանն աշխատում է «Կոմունիստ» թերթում՝ ինֆորմացիայի եւ սպորտի բաժնի արտահաստիքային թղթակից։ Այդ ժամանակ խմբագրությունը գտնվում էր Կարմիր բանակի 15 հասցեում (ներկայումս՝ Սբ Գրիգոր Լուսավորչի 15)։ 1971-1974 թթ. նրա հոդվածները լույս են տեսնում նաեւ «Երեկոյան Երեւան» թերթում։ «Համալսարանում դասերը սկսվում էին 14 անց 05 եւ առավոտից մինչեւ այդ ժամն օգտագործում էի հոդվածներ գրելու, ինչպես նաեւ սպորտային եւ այլ միջոցառումների մասնակցելու համար։ Մինչեւ 1974 թ. համագործակցում էի երկու խմբագրությունների հետ, սակայն համալսարանն ավարտելուց կես տարի շուտ «Կոմունիստ» թերթի խմբագիր Վենիամին Սիրցեւը հրավիրում է պաշտոնապես թղթակցելու թերթին։ Դա իսկապես չլսված բան էր այդ տարիների համար, երբ բացառության կարգով աշխատանքի են ընդունում դեռեւս դիպլոմը չստացած»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում իր հիշողություններով կիսվեց Լեւոն Չախմախչյանը։ Այսօր էլ երախտագիտությամբ եւ մեծ հարգանքով է հիշում իր առաջին ուսուցիչ, «Կոմունիստ» թերթի ինֆորմացիայի եւ սպորտի բաժնի վարիչ Ստեփան Ղարիբյանին, ինչպես նաեւ «Երեկոյան Երեւան» թերթից Վահան Խաչատրյանին եւ Միհրան Ստեփանյանին, «Կոմունիստ» թերթի խմբագրի տեղակալ Լեւոն Կիրակոսյանին, բաժնի վարիչ Իոսիֆ Վերդյանին եւ Ռուբեն Սաթյանին՝ «Նովոյե վրեմյա» թերթի ներկայիս գլխավոր խմբագրին։
Չախմախչյանը սերտորեն կապված է եղել «Արարատ» ֆուտբոլային թիմի հետ, ուսանողական տարիներին որպես արտահաստիքային թղթակից «Արարատի» հետ մեկնել է հյուրախաղերի։ Զրուցակցիս համար հիշարժան է հատկապես 1980 թ. ԱՄՆ-ի Լեյք Փլեսիդում անցկացված ձմեռային Օլիմպիադիան, որտեղ ծանոթանում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ Անատոլի Մկրտչյանի հետ։ Օլիմպիադայի օրերին նա ԽՍՀՄ սպորտային պատվիրակության ղեկավարի տեղակալն էր։ Մկրտչյանը երկար տարիներ աշխատել էր ԱՄՆ-ի Խորհրդային Միության դեսպանատանը։ «Հետաքրքիր ծանոթություն էր։ Մկրտչյանն ինտելիգենտ, գիտակ, գրագետ անձնավորություն էր, շատ արագ միմյանց հասկացանք։ Զարմացել էի, որ նման կշիռ ունեցող անձնավորությունն ինձ բարեկամության ձեռք է մեկնել»,- ասաց Չախմախչյանը։
«Կոմունիստ» թերթի խմբագրությունում աշխատել է մինչեւ 1981 թ.։ Միացյալ Նահանգներում ծանոթությունից մի քանի ամիս անց Անատոլի Մկրտչյանը հրավիրում է Չախմախչյանին ՀԿԿ Կենտկոմ՝ առաջարկելով աշխատանքի անցնել Կենտկոմի ապարատում։ Առաջարկն անսպասելի էր, իսկ մտածելու ժամանակ էլ չի տրվում։ Արդյունքում, 1981 թ. ապրիլին նա աշխատանքի է անցնում Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի պրոպագանդայի բաժնի մամուլի սեկտորում։ Երկու տարի անց Մկրտչյանը մեկնում է ՄԱԿ-ում դեսպան, իսկ նորանշանակ բաժնի վարիչ Գրիգոր Ասատրյանն առաջարկում է Չախմախչյանին Կենտկոմի սպորտի սեկտորի վարիչի պաշտոնը։
Խոստումնալից երիտասարդի աշխատասիրությունն այս անգամ եւս աննկատ չի մնում։ Որոշ ժամանակ անց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն առաջարկում է իր առաջին օգնականի պաշտոնը։ 1988-ին Դեմիրճյանին փոխարինում է Սուրեն Հարությունյանը, սակայն սպասվող կադրային փոփոխությունները շրջանցում են Չախմախչյանին, ավելին՝ մի քանի ամիս անց նշանակվում է Կենտկոմի ընդհանուր բաժնի վարիչ։ Զրուցակցիս խոսքով, դա հերթական անակնկալն էր իր համար։ Ընդ որում, տարիներ շարունակ նա եղել է կենտկոմի առաջին քարտուղարի ամենաերիտասարդ առաջին օգնականը եւ ամենաերիտասարդ բաժնի վարիչը։ «Աշխատանքս սկսում էի առավոտյան ժամը 8-ին եւ ավարտում կեսգիշերն անց։ Իմ սկզբունքն է աշխատանքում լինել ազնիվ եւ նվիրված գործին։ Թերեւս դա է պատճառներից մեկը, որ հետագայում էլ պահպանվել են բարեկամական, ընկերական հարաբերությունները շատ գործընկերներիս հետ, այդ թվում՝ «Կոմունիստ» թերթի խմբագիր Բորիս Մկրտչյանի, Անատոլի Մկրտչյանի, Գրիգոր Ասատրյանի եւ մյուսների, ինչպես նաեւ Սուրեն Հարությունյանի, Կարեն Դեմիրճյանի հետ, ում հանդիպել եմ ահաբեկչությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ Մոսկվայում, երկար զրուցել ենք»,- նշեց նա։
1988-ի փետրվարին սկսվում են արցախյան դեպքերը, իսկ դեկտեմբերին եղավ Սպիտակի երկրաշարժը։ Չախմախչյանը նշանակվում է Հայաստանում երկրաշարժի հետեւանքների վերացման ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հանձնաժողովի գործադիր քարտուղար, որը ղեկավարում էր ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ Հայաստանն ապրում էր փորձություններով լի շատ դժվար օրեր, որոնք հաղթահարելու համար գերլարված աշխատանք էին պահանջում նախեւառաջ պետական ապարատի կողմից. զրուցակիցս հիշում է, որ երկրաշարժից հետո 20 օր շարունակ քնել է աշխատասենյակի բազմոցին, գրեթե տուն չի գնացել։ Չախմախչյանն առանձնակի ջերմությամբ է հիշում շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, միջազգային գրոսմայստեր, աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովին, ով Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ժամանում է Հայաստան՝ բերելով 15 հազար դոլար օգնություն իր կողմից եւ եւս 20 մլն ռուբլի Խաղաղության հիմնադրամից, որի նախագահն է առայսօր։ Ի դեպ, երբ 1988 թ. նա դառնում է աշխարհի չեմպիոն, իր նախաձեռնությամբ մրցանակը նվիրաբերում է երկրաշարժից տուժածներին: Չախմախչյանը խոստովանում է, որ 1985-ի շախմատի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Հայաստանում գրեթե բոլորը սպասում էին Գարի Կասպարովի հաղթանակին, միայն երեք մարդ էր բացահայտ հայտարարել, որ ցանկանում են Կարպովի հաղթանակը՝ ինքը, միջազգային գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը եւ Էդուարդ Մնացականյանը։ Հայերի համար այդ դժնդակ օրերին Կարպովի սրտացավությունը մեկ անգամ եւս համոզել էր Չախմախչյանին, որ նախապատվությունը տեղին էր։ Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին լրանում է Լեւոն Չախմախչյանի եւ Անատոլի Կարպովի ընկերության 50 տարին։
Երկրաշարժից հետո Չախմախչյանի կատարած աշխատանքն աննկատ չի մնում ԽՄԿԿ Կենտկոմից ժամանած բարձրաստիճան հյուրերի ուշադրությունից։ 1990 թ. հունվարից Չախմախչյանն աշխատանքի է անցնում ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում՝ զբաղեցնելով գաղափարական բաժնի խորհրդատուի, այնուհետեւ մամուլի վերլուծության սեկտորի վարիչի պաշտոնները։ Խորհրդային Միության փլուզումից հետո աշխատանքի է անցնում ՌԴ կառավարության ապարատում, որտեղ աշխատել է մինչեւ 1996 թ.՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 1996-ին ղեկավարել է ՌԴ նախագահի թեկնածու, ակադեմիկոս, հայտնի ակնաբույժ Սվյատոսլավ Ֆեոդորովի նախընտրական քարոզարշավը։
1997-2001 թթ. Չախմախչյանն աշխատել է TV-6 հեռուստաընկերության փոխնախագահ, ինչպես նաեւ երկու դուստր ընկերությունների գլխավոր տնօրեն։ 2000 թ. սեպտեմբերի 7-ին Չախմախչյանն ընտրվում է Աշխատավորական ինքնակառավարման կուսակցության նախագահի պաշտոնակատար, իսկ նոյեմբերի 18-ին՝ նախագահ՝ պաշտոնավարելով մինչեւ 2006 թ.։ Նա միակ հայն է, որն օտար երկրում ընտրվել է նման մեծ կուսակցության ղեկավար։ Աշխատավորական ինքնակառավարման կուսակցությունը ստեղծվել էր Ֆեոդորովի կողմից 1994 թ. վերջին։ Վերջինս 2000 թ. հունիսին զոհվում է ինքնաթիռի վթարի ժամանակ։ Նշենք, որ Ռուսաստանի աշխատավորների ինքնակառավարման կուսակցությունը ունեցել է ավելի քան 75 հազար անդամ, որի ստորաբաժանումները գործել են Ռուսաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններում:
Ֆեոդորովի ստեղծած կուսակցության գաղափարի գրավչությունն այն էր, որ ձեռնարկությունների աշխատողները դառնում էին սեփականատերեր։ «Աչքի միկրովիրաբուժության ինստիտուտի գլխամասից բացի Ֆեոդորովը հիմնում է 11 մասնաճյուղեր ամբողջ Ռուսաստանի տարածքով, իսկ բաժնետոմսերը բաժանել էր աշխատողներին, իրեն մնացել էր ինստիտուտի բաժնետոմսերի ընդամենը 3 տոկոսը։ Այն ժամանակ շատերը թերահավատորեն էին մոտենում այդ ամենին, սակայն փորձը ցույց տվեց, որ նման մոտեցումը կրկնակի ավելացնում է աշխատանքի արդյունավետությունը։ Աշխատողներից յուրաքանչյուրը որպես սեփականատեր առավել հոգատարությամբ եւ ոգեւորությամբ էր աշխատում»,- բացատրեց նա։ Ֆեոդորովի, իսկ այնուհետեւ Չախմախչյանի օրոք ստեղծվել են նման սկզբունքով աշխատող շուրջ 100 ընկերություններ։ Այդ մոդելը դեռ մի քանի տեղ կա, սակայն ինքն արդեն այդ հարցերով չի զբաղվում։
2004-ին Չախմախչյանն ընտրվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ՝ աշխատելով տեղական ինքնակառավարման կոմիտեի նախագահի տեղակալ: Նույն տարում ընտրվում է Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի նախագահ։ Ասոցիացիայի անդամներ են եղել Ռուսաստանի 15 նահանգապետներ: Նա մանրամասնեց, որ նպատակ են ունեցել ուղիղ կապ ստեղծել Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի նահանգների միջեւ, ինչը ձեռնտու էր լինելու գործարար շրջանակների համար եւ խթանելու էր տնտեսության զարգացումը։ Ցավոք սրտի, աշխատանքներն ավարտին չի կարողացել հասցնել։
Ներկայումս Չախմախչյանը հեռացել է քաղաքական, հասարակական դաշտից, սակայն չի մոռացել հայրենիքի մասին, առանց բարձրաձայնելու փորձում է օգնել, ինչով կարող է։ «Ամբողջ սրտով Հայաստանի հետ եմ։ Երեւանում տունս չեմ վաճառել, կապս չեմ կտրում հայրենիքիս հետ, տանը հայերեն ենք խոսում։ Վերջին անգամ երեք տարի առաջ եմ եղել Հայաստանում, երեւի այս աշնանը կայցելեմ»,- անկեղծանում է զրուցակիցս, ապա շարունակում, որ իր ամենամեծ հարստությունն ընտանիքն է. արդեն 45 տարի ապրում է տիկնոջ՝ մասնագիտությամբ մանկաբույժ Գայանե Յոլյանի հետ։ Ունի երկու դուստր՝ Էլինան եւ Դիանան, երեք թոռնիկ՝ Գայանեն, Մարիան եւ Ալեքսանդրը։
Չախմախչյանը 8 գրքի, 5 տեղեկատվական ու տեղեկատու հրապարակումների հեղինակ է։ 2002 թ. Մոսկվայում լույս է տեսնում «Հայաստան, 1988. Դատավարությունները դեկտեմբերին» գիրքը, որը թարգմանվել է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ գերմաներեն։ Ներկայումս Չախմախչյանն աշխատում է հերթական գրքի վրա։ Ունի պետական մրցանակներ եւ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ մրցանակներ։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հ. Գ.- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը շնորհավորում է պետական, քաղաքական գործիչ, ՌԴ սենատոր, լրագրող Լեւոն Չախմախչյանին 70-ամյա հոբելյանի առթիվ։