Արցախյան հիմնահարցի, իսկ հիմա նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային դերակատարություն ունեցող ՌԴ-ի քաղաքական ղեկավարության դիրքորոշումը միշտ էլ կարեւորվել է: Միայն այն փաստը, որ Ռուսաստանը որպես միջնորդ միակն է, որ ներկա է տարածաշրջանում, եւ այն, որ 1994, 2016 եւ 2020 թթ. պատերազմներում հրադադարի պայմանավորվածությունները ձեռք են բերվել այս պետության անմիջական միջնորդությամբ, վերեւում ասվածի հիմնավորումն է:
Բնական է, որ տարածաշրջանի այս բարդագույն հիմնախնդրի կարգավորման քաղաքական գործընթացներում սխալ կլինի հաշվի չառնել ՌԴ-ի դիրքորոշումը, առավել եւս, որ այսօր Արցախում տեղի ժողովրդի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, իսկ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանների իրավական հիմնավորումները պահպանվում են այդ երկրի համապատասխան կառույցներում: Իսկ ի՞նչ է ասում ՌԴ քաղաքական ղեկավարությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբում պատասխանելով «Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ էության, հայտարարեց, որ իր երկրի համար ընդունելի կլինի ցանկացած որոշում, որին կհամաձայնեն հայ ժողովուրդը եւ նրա քաղաքական ղեկավարությունը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը պետք է, եւ մենք աջակցում ենք դրան, նաեւ սահմանների դելիմիտացիային եւ անվտանգության խնդրի կարգավորմանը: Հայաստանի ժողովրդի եւ հայկական ղեկավարության գործն է ընտրել կարգավորման առաջարկվող տարբերակներից որեւէ մեկը: Ցանկացած տարբերակ, եթե այն կբերի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ կլինի դրան: Մենք չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան պարտադրել եւ թելադրել: Ինչքան ես եմ տեղյակ, կարգավորման, այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ, եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության: Եթե Հայաստանը եւ նրա ղեկավարությունը համարում են, որ Արցախն առանձնահատկություններ ունի, որոնք պետք է հաշվի առնել եւ այն քննարկել ապագա խաղաղության պայմանագրում, ապա նման բան նույնպես հնարավոր է, բայց միանշանակ պետք է պայմանավորվել նաեւ Ադրբեջանի հետ, որ այն ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար: Իրականում բարդ, ծանր հարց է, բայց Հայաստանը համարվում է մեր ռազմավարական գործընկերը, դաշնակիցը, եւ մենք զգալի չափով, նկատի ունենալով նաեւ Ադրբեջանի հետաքրքրությունները, կկողմնորոշվենք նրանով, ինչ կառաջարկի Հայաստանն ինքը»,- հայտարարեց Վ. Պուտինը:
Պարզ է, որ ՌԴ նախագահի պատասխանն ամբողջությամբ տեղավորվում է ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, հակառակ դեպքում նա նախկին հրապարակային պատասխանների նման կհիշատակեր նաեւ արցախյան հիմնահարցի էթնիկ բնույթը, ինչի մասին չարտահայտվեց այս անգամ: Ո՞վ, եթե ոչ ՌԴ երկարամյա ղեկավարը պետք է լավ իմանա, որ հայ ժողովուրդը երեք տասնամյակից ավելի պայքարում է արցախցու ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքի իրացման համար՝ այդ պայքարում վճարելով ամենաթանկ գինը՝ ընտրյալների կյանքերը, եւ երբեք չի համաձայնի ԼՂՀ նախկին կարգավիճակի հետ, քանի որ այն դեպի ցեղասպանություն եւ Արցախի հայաթափում տանող ուղիղ ճանապարհ է: Վերջապես՝ ժամանակին Պուտինն է ասել, որ Արցախի հարցը տարածքային չէ, այլ՝ էթնիկ, եւ քաջատեղյակ է, որ արցախցին եւ ժողովրդավարական ընտրություններով ձեւավորված իր իշխանությունները հայտարարել ու հայտարարում են, որ երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում: Արցախցիների այդ որոշմանը նպաստել է առաջին հերթին Ադրբեջանը՝ իր ստեղծման օրից վարած ցեղասպան պետական քաղաքականությամբ:
Մյուս կողմից էլ Պուտինը, անշուշտ, չի մոռանում Ադրբեջանի դիրքորոշման մասին՝ շեշտելով, սակայն, որ որպես ռազմավարական դաշնակից կառաջնորդվի Հայաստանի մոտեցմամբ: Արցախյան խնդրում միջնորդ երկրի ղեկավարի դիրքորոշումը վերջին հաշվով ամփոփվում է մեկ բառի՝ «եթե»-ի մեջ, որը շեշտվում է հետեւյալ նախադասության մեջ. «Ցանկացած տարբերակ, եթե այն կբերի խաղաղության, ապա Ռուսաստանը միայն կողմ կլինի դրան»: Նա նաեւ նկատում է, որ լուծում գտնելը շատ բարդ է:
Այլ կերպ ասած՝ «Վալդայում» հնչեցվեց միջնորդ պետության ղեկավարի դասական դիրքորոշում եւ պատասխան, ինչից հետեւում է, որ կողմերը դեռ բանակցելու բարդ ճանապարհ ունեն անցնելու: Սակայն քաղաքական բանակցությունների համար անհրաժեշտ է բարենպաստ միջավայր՝ Բաքվի կողմից ուժի դիրքերից հանդես գալու գործելաոճի եւ հռետորաբանության չեզոքացում, ինչն արդեն լիովին ՌԴ-ի կարողությունների եւ իրավասությունների շրջանակներում է: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է զենքի շանտաժի լեզվով խոսելը, ինչը բանակցային միջավայրին հակասող գործոն է, եւ դրա համատեքստում կատարվող ագրեսիվ գործողությունները համարժեք միջնորդական արձագանքի առայժմ, ցավոք, չեն արժանանում: