Հայաստանի զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թ. ապրիլի 19-ին։ Վերականգնվել է Հայաստանի առաջին հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը եւ նկարիչ Հակոբ Կոջոյանը։ 2005 թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո՝ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։
Հայաստանի պետական զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։
Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ եւ արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության եւ արիության ուժը։ Ներքեւում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության եւ անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը եւ խաղաղասիրությունը։
Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով եւ պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերեւից ձախ՝ Բագրատունիների, վերեւից աջ՝ Արշակունիների, ներքեւից ձախ՝ Արտաշիսյանների, ներքեւից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) եւ առյուծը (աջից), իսկ վահանից ներքեւ պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա եւ ժապավեն։
Հայաստանի զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերեւից ձախ՝ կարմիր, վերեւից աջ՝ կապույտ, ներքեւից ձախ՝ կապույտ, ներքեւից աջ՝ կարմիր, եւ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի դրոշի գույները։