Հունիսի 6-8-ը Վիեննայում տեղի է ունեցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) տնօրենների խորհրդի նստաշրջանը։ Հունիսի 8-ին 35 անդամ ունեցող խորհուրդը՝ 30 կողմ, 2 դեմ (Ռուսաստան, Չինաստան) եւ 3 ձեռնպահ (Հնդկաստան, Պակիստան, Լիբիա) ձայներով Իրանի դեմ բանաձեւ է հաստատել, որի նախագիծը ներկայացրել էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան։ Վերջիններս տնօրենների խորհրդից պահանջել էին պարսավանքի ենթարկել Իրանին երկար ժամանակ որոշ հարցերի պատասխանելուց խուսանավելու համար։
Բանաձեւում տնօրենների խորհուրդը, խիստ մտահոգություն հայտնելով Իրանի միջուկային գործունեության առնչությամբ, այդ երկրի ղեկավարությունից պահանջում է անհապաղ սերտորեն համագործակցել IAEA-ի հետ։ Վերջինիս գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրուսին Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ իր զեկուցագրերում հայտնել էր, որ 2018-2020 թթ. ստուգումների արդյունքում Իրանի միջուկային 3 կենտրոններում՝ Փարչինում, Վարամինում ու Մարիվանում, հայտնաբերվել են հարստացված ուրանի հետքեր, ինչի վերաբերյալ Իրանի պատասխանները սպառիչ չհամարելով՝ պահանջվել էր հստակ պատասխան, մինչդեռ Թեհրանն իր պատասխանները համոզիչ է գնահատում։ Նշենք, որ այդ հետքերը վերաբերում են 2003-2004 թթ., եւ Թեհրանը, հարցին ի պատասխան, շեշտել է, թե հետքերը արտերկրից գնված օգտագործված կենտրոնախույս սարքերի մասով են։
Ի դեպ, Թեհրանի միջուկային ծրագրերի զարգացման հարցում նշանակալից դեր է ունեցել Պակիստանի եւ իսլամական աշխարհի միջուկային ռումբի «հայր» դոկտոր Աբդուլղադիր Խանը (1936-2021 թթ.)։ Նա միաժամանակ ուրանի հարստացման տեխնոլոգիաների, տեխնիկայի ու գծագրերի վաճառքի ցանց էր ստեղծել, որը բացահայտվեց 2004 թ.։ Նա խոստովանեց և դատապարտվեց 5 տարվա տնային կալանքի, որից հետո, հակառակ Իսլամաբադի պնդումների, հայտարարեց, թե կառավարությունը մասնակցություն է ունեցել Իրանին տեխնոլոգիաներ վաճառելու գործում։
Բանաձեւի հեղինակները, այնուհետեւ հանդես գալով հայտարարությամբ, շեշտել են, որ եթե Թեհրանը համագործակցի IAEA-ի հետ եւ միջազգային հասարակության պահանջով հստակեցնի առկա բոլոր անորոշ հարցերը, իսկ գլխավոր տնօրենը զեկուցի, որ վերահսկողության ոլորտում չլուծված խնդիր չկա, ապա հարցը տնօրենների խորհրդի օրակարգում այլեւս չի զետեղվի։ Ի պատասխան բանաձեւի՝ Իրանի ԱԳ նախարարությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ շեշտվում է, թե Իրանը բանաձեւը համարում է պախարակելի, քաղաքական բնույթի եւ ոչ կառուցողական քայլ՝ հավելելով, որ այն հիմնված է Իսրայելի սուտ ու շինծու տեղեկությունների, գլխավոր տնօրենի շտապողական ու ոչ հավասարակշիռ զեկուցման վրա, ինչն Իրան-IAEA փոխըմբռնումների ու փոխառնչությունների թուլացումից զատ այլ հետեւանք չի ունենա։ Հայտարարությունում շեշտվում է նաեւ, որ Իրանը մշտապես արդյունավետ համագործակցել է IAEA-ի հետ, իսկ արծարծված հարցերը 2015 թ. դեկտեմբերի 15-ին տնօրենների խորհուրդը օրակարգից հանել է մեկընդմիշտ։
Իսրայելն ու Սաուդյան Արաբիան ողջունել են IAEA-ի հաստատած բանաձեւը։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը շեշտել է, որ տնօրենների խորհրդի որոշումն ի ցույց է դրել Իրանի իրական դեմքը, ապացուցել, որ Իրանը ոչ IAEA-ի հետ է համագործակցում եւ ոչ էլ նրա հրահանգներն է իրականացնում։ Ավելին՝ Բենեթը շեշտել է, թե բանաձեւը նախազգուշացում է Իրանին, եւ եթե վերջինս շարունակի իր միջուկային գործունեությունը, ապա առաջատար երկրները պետք է այդ հարցը տեղափոխեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ինչը նշանակում է այս առնչությամբ Թեհրանի դեմ ՄԱԿ-ի 5 բանաձեւերով սահմանափակումների վերականգնում։ Սակայն եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանն ու Ռուսաստանը քվեարկել են հօգուտ այդ բանաձեւերի, ապա մեծ հավանականությամբ հարցն այնտեղ տեղափոխվելու դեպքում կարժանանա այդ երկրների վետոյին։
IAEA-ի գլխավոր տնօրեն Գրուսին Վիեննայում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է 27 տեսախցիկների անջատման հարցին, որոնք դրված են կենտրոնախույս սարքեր արտադրող կենտրոններում ու լաբորատորիաներում, եւ շեշտել՝ եթե դրանք 3-4 շաբաթ անջատված մնան, ապա դա մահացու հարված կլինի այդ երկրի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի համաձայնությանը՝ Համատեղ համապարփակ համաձայնության ծրագրին (Joint Comprehensive Plan of Action, JCPOA)։ Նա ընդգծել է, որ այժմ համագործակցության համար պայմաններն ակնհայտորեն դժվարացել են՝ հավելելով, որ եթե JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա, հաշվի առնելով Իրանի հակազդեցությունը բանաձեւին, որն ուղղված է ավելի թափանցիկ գործունեության, IAEA-ն ի զորու չի լինի կողմերին անհրաժեշտ տվյալներ ներկայացնել։ Հատկանշական է, որ համաձայնության կյանքի կոչելը կախված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին IAEA-ի գլխավոր տնօրենի զեկույցից։ Մյուս կողմից՝ JCPOA-ի վերականգնման շուրջ բանակցությունները գործնականում ընդհատվել են դեռեւս ընթացիկ տարվա մարտի 11-ին, գլխավոր դերակատարների՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունների պատճառով։ ԵՄ-ն լուրջ ջանքեր է գործադրում դրանց վեականգնման ուղղությամբ։
Այլ կերպ ասած՝ առանց այն էլ մշուշապատ, թերեւս, մազից կախված համաձայնագրի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում։ Գրուսին տնօրենների խորհրդի բացման իր խոսքում շեշտել է, թե վերոհիշյալ 3 վայրերի վերաբերյալ Իրանը պարտավոր է համոզիչ պատասխաններ ներկայացնել։ Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, անդրադառնալով բանաձեւին, ընդգծել է, թե Թեհրանը նահանջի ոչ մի քայլ չի կատարի։