Իսրայելում իշխող խորհրդարանական կոալիցիայի լուծարումը մոբիլիզացրել է ընդդիմությանը՝ նախկին վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորությամբ։ Նա արդեն խոստացել է, որ կձեւավորի «լայն ազգային կառավարություն»։ Նախնական գնահատականներով՝ օրենսդիր մարմնի (Կնեսետի) ընտրությունները պետք է կայանան առաջիկա աշնանը։ Մինչ այդ հրեական պետությունը պետք է անցումային ռեժիմով լուծի բոլոր խնդիրները, այդ թվում՝ անվտանգության ոլորտում։ Ինչպես ենթադրվում է փորձագիտական միջավայրում, նրա տարածաշրջանային հակառակորդները չեն զլանա օգտվել հարմար պահից։
Լուծարումից հետո մեկնարկած նախընտրական քարոզարշավը հինգերորդն է վերջին երեք տարվա ընթացքում։ Նախօրեին այժմ արդեն կառավարության նախկին ղեկավար Նաֆթալի Բենեթը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել՝ հայտարարելով խորհրդարանական կոալիցիայի աշխատանքների ավարտի մասին եւ, ներքին պայմանավորվածությունների համաձայն, իր աթոռը տարանցիկ ժամանակահատվածի ընթացքում փոխանցելով «փոփոխությունների բլոկում» գործընկերոջը՝ ԱԳ նախարար Յաիր Լապիդին: «Վերջին շաբաթների ընթացքում մենք հնարավոր ամեն ինչ արել ենք այս կառավարությանը փրկելու նպատակով՝ ոչ թե մեր, այլ երկրի բարօրության համար։ Ես շատ բանակցություններ անցկացրեցի եւ հասկացա, որ եթե 10 օրվա ընթացքում Քնեսեթը չլուծարվի, Իսրայելի անվտանգությանը լուրջ հարված կհասցվի»,- ասել է Լապիդը։
Վերջին ամիսներին կոալիցիոն դաշինքը ներքաղաքական ճգնաժամի ավելի ու ավելի տագնապալի ախտանշաններ է դրսեւորում. նրա շարքերում մարդկանց արտահոսքի միտում է նկատվում, որն արդյունքում հանգեցրել է խորհրդարանական մեծամասնության կորստի եւ բարդացրել օրենսդրական նախաձեռնությունների անցկացման գործընթացը: Հավանաբար, կառավարությունը կարող է փլուզվել արդեն հաջորդ շաբաթ, քանի որ ընդդիմությունը մտադիր է քվեարկության դնել Կնեսետի լուծարման հարցը՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ իշխող կոալիցիայից նոր հեռացողները կաջակցեն իրեն։ Երկար ժամանակ ենթադրություններ են շրջանառվում, որ Նաթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը նպատակաուղղված կերպով «Փոփոխությունների բլոկի» ներկայացուցիչներին դավաճանության է դրդում՝ առաջարկելով նրանց խոշոր «ամրագրում» նախընտրական հետագա ցուցակներում:
Նոր արտահերթ ընտրությունների մեկնարկի մասին լուրերից հետո Նաթանյահուն տեսաուղերձ է տարածել՝ խոստանալով ստեղծել եւ գլխավորել «լայն ազգային կառավարություն»։ Նա վստահեցրել է, որ վարչապետի պաշտոնին վերադառնալու դեպքում կնվազեցնի հարկերը, կիջեցնի գները եւ «Իսրայելին կտանի դեպի բարձրագույն ձեռքբերումներ ու լրացուցիչ խաղաղ համաձայնագրեր»։ «Կնեսետում ընդդիմության մեկ տարվա կատաղի պայքարից եւ Իսրայելի ժողովրդի ծանր տառապանքներից հետո բոլորի համար պարզ է, որ երկրի պատմության մեջ այս ամենաանհաջող կառավարությունն ավարտել է իր ուղին։ Այս կառավարությունը կախված էր նրանցից, ովքեր աջակցում են ահաբեկչությանը, հրաժարվել է իսրայելցիների անձնական անվտանգությունից, մոռացել մեր ժողովրդի հրեական բնավորության մասին»,- նշել է Նաթանյահուն: Բայց նա մոռացել է, որ արցախյան 44-օրյա պատերազմում ակտիվորեն աջակցելով Ադրբեջանին ու նրա վարձկան-ահաբեկիչներին՝ ինքն Իսրայելի համար «ամրագրել» է տեղն ահաբեկչության աշխարհում:
103FM ռադիոկայանի եւ «Panels Politics» քաղաքական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հունիսի 21-ին, ցուցադրել են, որ եթե խորհրդարանական տեղերի համար պայքարն սկսվեր այսօր, ապա «Լիկուդ» կուսակցությունը կկարողանար 36 մանդատի հույս ունենալ, իսկ նրա հենարանի դերը կատարող աջակողմյան կրոնական դաշինքը՝ 59 մանդատի: Այս ցուցանիշները, միեւնույն է, քիչ են՝ 120 տեղ ունեցող խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար: Ի դեպ, չի կարելի չնկատել, որ այժմյան կառավարությունից դժգոհությունն աստիճանաբար է աճել, եւ ոչ ոք հույս չուներ, որ այն կկարողանա գոյատեւել:
Իրավիճակը շատ է բարդանում՝ կապված այն բանի հետ, որ հաջորդ ամսին իր մերձավորարեւելյան շրջագայության շրջանակներում Իսրայել պետք է ժամանի ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը: Ավելի վաղ տարածված մի շարք ոչ պաշտոնական հաղորդումների համաձայն՝ Սպիտակ տունը տատանվել էր՝ արդյոք արժե՞ կանգառ կատարել Իսրայելում՝ հաշվի առնելով իրավիճակը, որում հայտնվել է այդ երկրի կառավարությունը: Ի դեպ, ինչպես բացատրել է հրեական պետությունում ամերիկյան դեսպան Թոմ Նեյդսը, կոալիցիայի փլուզումը չի ազդի Բայդենի՝ Իսրայել այց կատարելու պատրաստակամության վրա։ Դիվանագիտական առաքելության ղեկավարի խոսքով՝ այցը կկայանա այնպես, ինչպես նախատեսված էր՝ ի հեճուկս կատարված իրադարձությունների։ Բայդենին կդիմավորի Լապիդը, ով գլխավորում է անցումային կառավարությունը։
Անվտանգության ոլորտում մարտահրավերներն այլ հարց են: Իսրայելի անվտանգության ապարատը վերջին շաբաթներին զգալիորեն ակտիվացրել է համագործակցությունը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ՝ կապված իր այն քաղաքացիների դեմ աճող սպառնալիքների հետ, ովքեր այդ երկիր են մեկնում հանգստանալու կամ գործարար նպատակներով: Երրորդ երկրի տարածքում սպառնալիքների ստեղծման մեջ հրեական պետությունը մեղադրում է Իրանին ու նրա՝ արտասահմանում աշխատող միջնորդներին: Միեւնույն ժամանակ կասկածներ են հնչում, որ Թեհրանն ակտիվացել է սիրիական ասպարեզում: Այդ փաստարկները բոլորովին վերջերս Իսրայելի պաշտպանության բանակին ստիպեցին հազվադեպ հարված հասցնել դամասկոսյան օդանավակայանի ենթակառուցվածքներին, ինչն առաջացրել է ՌԴ-ի բողոքը:
Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» ասել է «Միջուկային Իրանի դեմ միավորվածները» իրավապաշտպան կազմակերպության քաղաքական տնօրեն Ջեյսոն Բրոդսկին, Լապիդն ավելի շուտ կցուցադրի Բենեթի քաղաքականության շարունակականություն՝ իրանական դոսյեի շրջանակներում, քան կփորձի արմատապես ինչ-որ բան փոխել: «Առաջին՝ դա ժամանակավոր կառավարություն է լինելու,- նշել է վերլուծաբանը։- Երկրորդ՝ Լապիդը, ինչպես եւ Բենեթը, քննադատաբար է վերաբերվում իրանական «միջուկային գործարքին»։ Երրորդ՝ Լապիդը «ութոտնուկների դոկտրինայի» կողմնակիցն է, որը պաշտպանում էր Բենեթը»: Այս հայեցակարգը հանգում է նրան, որ անհրաժեշտ է առաջին հերթին հարվածել տարածաշրջանային հակառակորդի որոշումների կայացման կենտրոններին՝ նրա տարածքում, այլ ոչ թե «շոշափուկներին»՝ արտասահմանում միջնորդավորված ուժերի ցանցին:
«Չորրորդ՝ Բենեթը առաջնորդ կմնա այն բանում, ինչը վերաբերում է իրանական հարցերին, նույնիսկ այն բանից հետո, երբ Լապիդը ստանձնի ժամանակավոր վարչապետի պաշտոնը: Կարծում եմ, որ Թեհրանը կշարունակի հետապնդել իսրայելցիներին՝ անկախ նրանից, թե ով կդառնա վարչապետ, բայց, անկասկած, դա քննություն կլինի Լապիդի համար, քանի դեռ նա իշխանության մեջ է»,- ամփոփել է Բրոդսկին։