Հուլիսի 19-ին Թեհրանում Սիրիայի հիմնահարցին նվիրված Աստանայի գործընթացի ձեւաչափով ավարտվեց եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա 7-րդ գագաթնաժողովը՝ 16 կետից կազմված համատեղ հայտարարության հրապարակմամբ։
Գագաթնաժողովը տեղի ունեցավ ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված միանգամայն այլ զարգացումների ու պայմանների առկայությամբ, որոնք առնվազն բարենպաստ չէին Թուրքիայի համար: Մասնավորապես, վերջինս շուրջ երկու ամիս է, ինչ հայտարարում է, թե նախապատրաստվում է չորրորդ ռազմական գործողություններն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջն ու Թել Ռաֆաթը գրավելու, Սիրիայի հյուսիսում 30 կմ խորությամբ «անվտանգության» գոտի ստեղծելու նպատակով։ Հավելենք, որ Թուրքիայի ախորժակը գնալով մեծացել է՝ մինչեւ 2019 թ. ձգտում էր ստեղծել 15 կմ խորությամբ «անվտանգության» գոտի։ Խոսքը վերաբերում է քրդերին իրենց բնակավայրերից հեռացնելուն, տվյալ գոտին ժողովրդագրական փոփոխություններով թուրքացնելուն, ինչպես արվում է Աֆրինում եւ ինչն ուղեկցվում է, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, մարդու տարրական իրավունքների կոպիտ խախտումներով։ Իսկ այս դեպքում նպատակամղված է, քրդերին հեռացնելով՝ այդտեղ բնակեցնել Թուրքիայում ապաստանած սիրիացի արաբ եւ թուրք ույղուր փախստականներին։ Շուրջ 2 ամիս առաջ, երբ Թուրքիան առաջին անգամ հայտարարեց նոր ռազմական գործողությունների մասին, ԱՄՆ-ն խիստ դեմ հանդես եկավ, այնուհետեւ՝ նաեւ Ռուսաստանը։ Թեեւ Անկարան հայտարարեց, թե այդ հարցում որեւէ մեկից թույլտվություն չի հարցնելու, այսուհանդերձ, հապաղելով՝ խուսափում է լայնածավալ գործողություններ սկսել, ինչը պայմանավորված է նաեւ Դամասկոսի խիստ դիրքորոշմամբ։
Թուրքիան 2016-ից Սիրիայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում խորացել ու ռազմաբազաներ է տեղակայել քրդաբնակ տարածքներում՝ իրականացնելով «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունները։ Դրանք պատճառաբանում է Սիրիայում ձեւավորված քրդական կազմավորումներին՝ ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD), դրան կից ստեղծված YPG զինված ուժերին եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերին (SDF) Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) մասնաճյուղեր լինելու հանգամանքով։ Սա այն դեպքում, երբ հիշյալ կազմավորումները նշանակալից դեր են ունեցել Սիրիայում ահաբեկչական «Իսլամական խալիֆայության» կամ դաիշականների դեմ պայքարում եւ հովանավորվել են Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից։
Անդրադառնալով գագաթնաժողովի հայտարարությանը՝ նշենք, որ դրանում շեշտվել է կողմերի հաստատակամությունն ահաբեկչության դեմ պայքարում, խիստ կարեւորվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, իսկ հիմնահարցի լուծումը համարվել է հակամարտ կողմերի միջեւ բանակցությունը՝ ՄԱԿ-ի աջակցությամբ ու Անվտանգության խորհրդի 2245 բանաձեւի շրջանակներում։ Հայտարարությունը կարեւորել է նաեւ փախստականների աստիճանաբար վերադարձն իրենց իսկ բնակավայրեր, մտահոգություն հայտնել հումանիտար իրավիճակի վերաբերյալ՝ խիստ արտահայտվելով ցանկացած անջատողական երեւույթի դեմ։ 5-րդ կետով, որը վերաբերում է Սիրիայի հյուսիսային հատվածի իրավիճակին, անուղղակիրորեն անընդունելի են համարվել ռազմական գործողությունները, շեշտվել է, որ տվյալ տարածքներում անվտանգություն ու կայունություն կհաստատվի միայն Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման դեպքում, ուստի որոշվել է այդ ուղղությամբ համակարգել ջանքերը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը, որն Իրան էր ժամանել նաեւ որդու՝ Բալալի (գուցեեւ՝ թագաժառանգի՞) ուղեկցությամբ, լուրջ ակնկալիքներ ուներ, որոնք, ըստ երեւույթին, չիրականացան։ Ներկա դրությամբ նրա եւ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության վարկանիշը երկրում, պայմանավորված տնտեսական ծանր վիճակով, օր օրի անկում է ապրում, եւ ազատ, արդար ընտրությունների դեպքում, մեծ հավանականությամբ, Էրդողանը կարող է լքել իր սիրելի Սպիտակ պալատը, ինչը կանխելու համար ջանք չի խնայում։ Ուստի, հաշվի առնելով, որ Էրդողանը ջանքերն ուղղել է քրդական հարցի «լուծմանը» ներսում ու դրսում, ինչպեսեւ Հայաստանի հետ փոխհարաբերությունների բնականոնացմանը եւ չարաբաստիկ «Զանգեզուրի միջանցքի» կառուցմանը, կարելի է ենթադրել, որ նպատակամղված է պատմականորեն Թուրքիայի պետության կոկորդին մնացած հայկական ու քրդական հարցերը «լուծելով»՝ հաջողության հասնել ընտրություններում, ինչն անշուշտ լուրջ հաղթաքարտ կլիներ ընտրությունների քարոզարշավին։ Երկրի ներսում նա օր օրի մեծացնում է քրդամետ ժողովուրդների ժողովրդավար կուսակցության (HDP) դեմ ճնշումները, նպատակամղված՝ մինչեւ ընտրությունները լուծարել այն։ Բացի այդ, PKK-ականներին ոչ միայն ձգտում է ոչնչացնել կամ առնվազն լիովին չեզոքացնել, այլեւ, այն պատրվակ դարձնելով, զավթողական քայլեր է իրականացնում Իրաքի, ինչպեսեւ Սիրիայի հյուսիսում։ Էրդողանը, թերեւս, հույս ուներ, որ կարող է Իրանին ու Ռուսաստանին համոզել Սիրիայի հյուսիսում «անվտանգության» գոտի ստեղծելու հարցում, սակայն, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, այդ թվում՝ Ռուսաստան-Իրան փոխհարաբերությունների սերտացումը, Թեհրանի կարծր դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության ու նախագահ Բաշար Ասադին հովանավորելու հարցում եւ այն, որ Սիրիայում ռուսական ուժերին փոխարինել են իրանամետ ու իրանական ուժերը, այդ հույսերը չէին կարող իրականանալ։
Թեհրանում Էրդողանին ընդունել է նաեւ Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ ու տարածաշրջանային հարցեր։ Էրդողանը շեշտել է, թե գյուլենականները, դաիշականները, PKK-ն, YPG-ը եւ Փեժաքը (Իրանի քուրդ անջատողական փոքր խումբ, որը համագործակցում է նաեւ PKK-ի հետ) տարիներ շարունակ սպառնալիք են Իրանի եւ Թուրքիայի անվտանգությանը, որոնց դեմ համատեղ պայքարն անհրաժեշտ է։ Այս առնչությամբ հավելենք, որ ինչպես Թուրքիայի ու Արեւմուտքի տեսակետներն ահաբեկչական կազմակերպությունների հարցում հաճախ չեն համընկնում, նույնպես էլ՝ Իրանի ու Թուրքիայի: Օրինակ, «Սիրիայի ազատ բանակը», որը ոչ միայն թուրքամետ է, այլեւ լիովին ենթարկվում է Անկարային, վերջինիս կողմից համարվում է չափավորական դիրքորոշմամբ ընդդիմություն, մինչդեռ Սիրիան, ինչպեսեւ Իրանը այն համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Հեղափոխության առաջնորդը, ի պատասխան շեշտել է, թե ահաբեկիչների դեմ անշուշտ պետք է պայքարել՝ հավելելով որ Իրանը վստահաբար այդ հարցում Թուրքիայի կողքին է։ Սակայն նա նախազգուշացրել է, որ Սիրիայի հյուսիսի վրա հարձակումը ոչ միայն ի վնաս Թուրքիայի եւ Սիրիայի է, այլեւ՝ հօգուտ ահաբեկիչների, ընդգծելով, թե Սիրիայի հարցը պետք է լուծել բանակցությունների միջոցով։