Նորություն չէ, որ մենք եւս, ինչպես բոլոր մարդիկ, սիրում ենք երազել: Երազելը իսկապես լավ բան է եւ դրական է ազդում մարդու հոգեվիճակի վրա՝ որպես նպատակների հասնելու խթան: Հարցն այն է, թե ինչ ես անում դրա համար:
Նախ երկիրը զգալու փոխարեն մենք փորձում ենք առաջինը երկինքը զգալ։ Իհարկե, երազելը լավ բան է, նույնիսկ շատ լավ: Իհարկե, անպայման պետք է երազանք ունենալ, գնալ երազանքի հետեւից, հասնել երազանքին, իրականություն դարձնել այն: Բայց եթե ոտքերիդ տակ ամուր հող չունես, այսինքն՝ ամուր կանգնած չես գետնի վրա, չես զգում երկրի, հողի ուժը, կստացվի, որ թռչում ես պարաշյուտով ու անընդհատ մնում ես օդում, որովհետեւ իջնելու տեղ չունես։ Քանի որ հնարավոր չէ անվերջ օդում մնալ, մի հնար պետք է գտնել իջնելու համար։ Ու ստիպված իջնում ես որտեղ պատահի, որը կարող է նաեւ ճահիճ լինել։ Իսկ եթե պարաշյուտը չբացվեց… Մի հին անեկդոտ կա.
Մեկը որոշում է պարաշյուտ գնել։ Խանութում վաճառողը սկսում է բացատրել.
-Սա ձգում ես, պարաշյուտը բացվում է…
Գնորդը հարցնում է.
-Իսկ եթե չբացվեց…
Վաճառողը պատասխանում է.
-Կբերես՝ կփոխեմ…
Անեկդոտում միգուցե հնարավոր լինի պարաշյուտը փոխելը, իսկ իրականության մեջ միակ հետեւանքը կարող է լինել ողբերգական… Հետեւաբար, օդ բարձրանալուց, երկինքը զգալուց, երազելուց առաջ, կրկնենք, նախ պետք է երկիրը զգալ, որ անհրաժեշտության դեպքում իջնելու տեղ ունենաս:
Օդաչուները երկնքում իրենց զգում են այնպես, ինչպես երկրի վրա, նույնիսկ ավելի լավ, բայց մինչ այդ նրանք պարապում են երկրի վրա, ամուր կանգնում գետնին: Չնայած Անտուան դը Սենտ Էքզյուպերին, ով նախ եւ առաջ օդաչու էր, հետո միայն՝ հանճարեղ «Փոքրիկ իշխանի» հեղինակը, ով, այդուհանդերձ, մեծ երազող էր, իր կյանքի դժվարին պահին Աստծուն ուղղված աղոթքում խնդրում էր նրան. «Օգնի՛ր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել` ոչ անցյալի եւ ոչ էլ ապագայի երազանքները»… Ի դեպ, որոշ հոգեբաններ համարում են, որ երազանքներն իրականացնելու կարիք չկա։ Դրանք պետք է մնան երեւակայության տարր, քանի որ կյանքի կոչված երազանքն այլեւս երազանք չէ եւ չունի իր կախարդական դրական ազդեցությունը մարդու հոգու եւ նաեւ նրա օրգանիզմի վրա: Մյուս կողմից՝ իրականացված երազանքը մարդուն ոգեւորում է, որ իր մտքերն անհիմն, անարդյունք եւ անիմաստ չեն եղել, եւ նրան մղում է նոր երազանքների…
Երազելուց առաջ պետք է հավատալ ուժերին եւ մտածել դրանք օգտագործելու մասին, մտածել եւ օգտագործել, այսինքն՝ պայքարել, ձգտել, աշխատել, ջանք թափել… Ինչ-որ մեկի համար երազանքն անիրագործելի է, մեկ ուրիշի համար՝ իրատեսական: Օրինակ՝ անկախության մասին երազելը լավ է, բայց տեղում նստած երազելով անկախությունը չի գալիս հասնում քեզ, եթե դու ինքդ չես ձգտում մտքով, գործով, անհրաժեշտության դեպքում՝ նաեւ զենքով հասնել նրան: Ազատության մասին երազելը լավ բան է, բայց դու ինքդ պետք է գտնես ու հասնես ազատությանը: Եթե որեւէ մեկն այն նվիրեց, ուրեմն հավանական է, որ կարող է նաեւ ինչ-որ պահի փորձել հետ վերցնել կամ խլել այն:
Ուստի առաջինը մենք ինքներս պետք է քրտինք ու ջանք ներդնենք, որպեսզի երազանքը դառնա իրականություն, որպեսզի նախ՝ հաստատուն պահենք երկիրը, ուժեղ դարձնենք այն, ամուր կանգնենք երկրի վրա, նրանից ուժ ստանանք եւ ձգտենք ու հասնենք երազանքին: Նախ պիտի երկիրը զգանք, նոր միայն՝ երկինքը… Այլապես երկուսն էլ երազանք կմնան… Եթե երկրի վրա կանգնելու հնարավորություն չունենալով՝ շարունակ մտածենք երկնքի մասին, Վանո Սիրադեղյանի խոսքերով ասած՝ իրական հայրենիքը կդառնա պատմական հայրենիք։ Իսկ երազանքը կդառնա լավագույն դեպքում երազ, վատագույն դեպքում՝ ժամանակին Երեւանի ավտոգործարանի արտադրած «Երազ» ավտոմեքենայի նման կեսճանապարհին մնացող երազ…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, պարաշյուտ բառը հայերենում շատ գեղեցիկ համարժեք ունի, որը, ցավոք, քիչ է կիրառվում եւ, կրկին ցավոք, բոլորին չէ, որ հասկանալի է, սակայն շատ ավելի լավ է արտահայտում պարաշյուտի իմաստը՝ անկարգել, այսինքն՝ անկումը, ընկնելը արգելակող…