Հովհաննես առաքյալը տեսնում է, որ գազանի խշխանությունն իսկապես լինելու է համաշխարհային իշխանություն. «Եւ նորան իշխանութիւն տրուեցաւ, որ սուրբերի հետ պատերազմ անէ եւ նորանց յաղթէ. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան ամեն ցեղի եւ լեզուի եւ ազգի վերայ»: Հայտնություն 13։7
Այն, որ խոսքը երկրային քաղաքական ուժերի մասին է, վկայում է նաեւ Հովհաննես առաքյալի նկարագրած գազանի նմանությամբ նաեւ Դանիել մարգարեի նկարագրությունը, որտեղ, պարզապես, այդ կենդանիները նկարագրված են առանձին-առանձին, եւ նույնպես դուրս էին եկել ծովից. «Դանիէլը խօսեց եւ ասեց. Գիշերը տեսնում էի տեսիլքում եւ ահա երկնքի չորս կողմերը յարձակվում էին մեծ ծովի վերայ։ Եւ չորս մեծամեծ գազաններ ելան ծովիցը՝ տարբեր մէկզմէկից։ Առաջինը առիւծի պէս էր եւ արծիւի թեւեր ունէր. եւ տեսնում էի մինչեւ որ նորա թեւերը պոկուեցան, եւ նա վեր առնուեցաւ երկրիցը, եւ ոտներին վերայ մարդի պէս կանգնուեցաւ, եւ մարդի սիրտ տրուեցաւ նորան։ Եւ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման, եւ մէկ կողմի վերայ կանգնեց, եւ երեք կողքի ոսկորներ ունէր բերանումը ատամների մէջ, եւ այսպէս ասեցին նորան. Վեր կաց՝ շատ միս կեր։ Սորանից յետոյ նայում էի, եւ ահա մի ուրիշը ինձի նման, որի մէջքին չորս թռչնի թեւեր կային. եւ չորս գլուխ ունէր գազանը. եւ իշխանութիւն տրուեցաւ նորան։ Սորանից յետոյ տեսնում էի գիշերուայ տեսիլքում, եւ ահա մի չորրորդ գազան՝ ահեղ, սոսկալի եւ չափազանց զօրաւոր, որ երկաթի մեծ-մեծ ատամներ ունէր, ուտում էր եւ փշրում եւ մնացածը ոտներովը կոխ էր տալիս, եւ նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններիցը. եւ տասը եղջիւր ունէր»։ Դանիել 7։1-7
Հրեշտակը Դանիելին պարզ բացատրում է, որ այդ չորս գազանը չորս թագավորություններն են, որոնք ըմբոստանալու են երկրից։ Իսկ չորրորդ գազանը ամենասարսափելի չորրորդ թագավորությունն է, որը պիտի ուտի ողջ երկիրը. «Այսպէս ասեց. Չորրորդ գազանը չորրորդ թագաւորութիւնն է լինելու երկրի վերայ, որ տարբեր պիտի լինի բոլոր թագաւորութիւններից, եւ պիտի ուտէ բոլոր երկիրը եւ նորան պիտի ոտնահարէ եւ փշրէ»։ Դանիել 7։23
Արդեն գիտենք, որ գազանը վիշապի օգնականն է, ում տալիս է իր աթոռը, ուժն ու իշխանությունը, որը, սակայն, սահմանափակ է, իշխանություն է որոշակի հստակ սահմաններում։ Սակայն երկրի վրա ապրող մարդիկ այդ մասին չեն իմանալու եւ խոնարհվելու են գազանի առաջ, որը նույնպես յոթ գլուխ եւ տասը եղջյուր է ունենալու։ Այս հրեշին մարդկանց մեծ մասը պաշտելու է Աստծո նման, Աստծո տեղ։
Ըստ Դանիել մարգարեի. «Եւ այն տասը եղջիւրները՝ այն թագաւորութիւնից տասը թագաւորներ են վեր կենալու, եւ նորանցից յետոյ մի ուրիշն է վեր կենալու, եւ նա տարբեր է լինելու առաջիններից, եւ նա երեք թագաւոր է կործանելու. Եւ Բարձրեալին դէմ խօսքեր է խօսելու եւ Բարձրեալի սուրբերին հարստահարելու է, եւ խորհելու է որ ժամանակներն ու օրէնքները փոխէ, եւ նորանք պիտի նորա ձեռքը տրուին մինչեւ մի ժամանակ եւ (երկու) ժամանակներ եւ կէս ժամանակ»։ Դանիել 7։25-26
Ըստ որոշ մեկնաբանների` տասը եղջյուրները պայքարն է տասը պատվիրանների դեմ, որոնք որոշ մարդիկ կարողանում են պահել, սակայն մարդկությունը, ցավոք, պահել չի կարողանում։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ