Գործադիրը երեկվա նիստում չզեկուցվող հարցերից մեկով համաձայնություն տվեց Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին: Սյունիքի մարզպետը, հաշվի առնելով hողատարածքի տեղադիրքը եւ «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի խնդրանքը, միջնորդել է կառավարությանը՝ պտղատու այգիներ հիմնելու նպատակով, առանց մրցույթի, անշարժ գույքի հարկին հավասարեցված տարեկան վարձավճարով հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին:
Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, հաշվի է առնվել այն, որ «Նռնաձոր» կոոպերատիվը ստեղծվել է Նռնաձոր բնակավայրի բնակիչների կողմից, եւ որի անդամները բացառապես սահմանապահ Նռնաձոր գյուղում մշտական բնակություն հաստատած եւ այգեգործությամբ զբաղվելու ցանկություն հայտնած բնակիչներն են: Այսինքն՝ ըստ ՏԿԵՆ-ի, «մասամբ կբարելավվի նրանց սոցիալական վիճակը, լրացուցիչ հետաքրքրություն կառաջացնի բնակավայրը չլքելու եւ լրացուցիչ խթան՝ սահմանը կայուն պահելու համար»:
Կառավարության 2022 թ. մարտի 31-ի թիվ 406-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կարվեն։ Հարցը գործադիրի օրակարգում էր՝ դարձյալ չզեկուցվող հարցերի հատվածում։ Ըստ Պետական եկամուտների կոմիտեի, նպատակը հարկային օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով պետբյուջե ԱԱՀ-ի գումարների վճարման կարգի սահմանումն է:
Ինչ ունենք այս մասով, եւ ինչ խնդիրներ կան։ ԱԺ ընդունած՝ 2022 թ. դեկտեմբերի 23-ի ՀՕ-595-Ն օրենքով հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ԱԱՀ-ի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում է առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, եթե էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում ֆիզիկական անձին: Օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ մասում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ առեւտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով ԱԱՀ-ի գումարները վճարում է պետբյուջե մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ։ Կառավարության նշյալ՝ մարտի 31-ի որոշմամբ էլ սահմանված է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը: Հիմա առաջարկվում է փոփոխություններ կատարել այդ որոշման մեջ՝ որոշմամբ սահմանված պետբյուջե ԱԱՀ-ի գումարների վճարման կարգը կիրառելով նաեւ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարումից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների պետական բյուջե վճարման մասով:
Մասնավորապես՝ 1. ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ԵԱՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առեւտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ գումարները կարող են պետական բյուջե վճարել՝ բանկային փոխանցման միջոցով, վճարային քարտերով՝ ՊԵԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքի ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգում՝ վճարումների ապահովման նպատակով ներդրված գործիքների միջոցով։ 2. Փոխանցումներ կարող են կատարել ՀՀ-ի բանկերի կամ օտարերկրյա բանկերի միջոցով։ ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մարմանը:
Սա հերթական փոփոխություն է, կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ոլորտային կամ այլ ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի: