Ինչպես եւ երբ է ստեղծվել գեղարվեստական ինքնակենսագրության ժանրը, ինչպես է այն իմաստավորվել որպես պատումի ձեւ, որի նպատակային ուղղվածությունը ոչ թե հեղինակի անմիջական ինքնակենսագրությունն է, այլ հերոսի, որը հանդես է գալիս որպես հեղինակի դիմակ…
Ինքնակենսագրական ժանրի այս փոխակերպությունը մեզ թույլ է տալիս «մի հարթության վրա դնել» այն ստեղծագործությունները, որոնք իսկապես արտացոլում են հեղինակի կյանքը, եւ երկեր, որոնք հեղինակի կյանքի հետ անմիջականորեն չեն առնչվում, այլ արտացոլում են հեղինակային կյանքի ինչ-որ հնարավոր վարկած եւ փոխանցվում հերոս-պատմողի «իսկական» կյանքի ձեւով։ Առավել չափով դա մեզ իրավունք է տալիս պնդելու, որ Զորյանի «Մի կյանքի պատմություն» գեղարվեստական ինքնակենսագրության մեջ գործում է ոչ թե կյանքի հավաստի փաստերի մեքենայական արձանագրումը, այլ իրադարձությունների գեղարվեստորեն իմաստավորված եւ տիպականացված ընտրությունը։ Պետք է հիշեցնել նաեւ, որ շատ փաստագրական ինքնակենսագրություններ չեն խուսափել տիպականացման տարրերից, ինչը երեւում է թեկուզ այն բանից, որ նրանք «ձեւվել» են, ամենեւին էլ ոչ ամբողջությամբ ենթարկվելով հեղինակի կյանքի «սյուժեին», այլ հաճախ իմաստավորվել գեղարվեստական ժանրի այս կամ այն նմուշով, որպեսզի առավելագույնս ընդգծեն հեղինակի կյանքի աստանդական ոգին՝ կողմնորոշված ժամանակին տարածված արկածախնդրական վեպի առանձնահատկություններով։ Գեղարվեստական ինքնակենսագրական ժանրը, ինչպես գեղարվեստական գրականության ցանկացած ժանր, ակտիվորեն կողմնորոշվում է դեպի ազգային եւ համաշխարհային գրականության նախորդ շրջաններում ստեղծված օրինակները՝ դրանց մեջ տեսնելով այն, ինչը կարելի է մշակել որպես սեփական թեմայի բացահայտման միջոց: Չնայած այն բանին, որ գեղարվեստական ինքնակենսագրության հիմքը կազմում է գրողի կյանքի փաստական կողմը, դա չի կարող ստեղծվել միայն այդ հիմքի վրա, այլ իր «ուժային դաշտ» է ներառում նախորդող գեղարվեստական օրինակները:
Զորյանի «Մի կյանքի պատմությունը» առաջին հերթին հայ գրականության մեջ ինքնակենսագրական ժանրի զարգացման արդյունք է: Ինչպես եւ արեւմտյան գրականության մեջ, ներառյալ ռուսականը, այստեղ էլ գեղարվեստական ինքնակենսագրության ժանրի ծնունդը կապված է նախառոմանտիզմի եւ ռոմանտիզմի հետ։
Այսպես՝ ինքնակենսագրականությունը, անշուշտ, սկսում է արմատներ գցել նոր ժամանակների հայ գրականության ավագ գրողների, մասնավորապես՝ Խաչատուր Աբովյանի ստեղծագործական սկզբունքի շնորհիվ, որն իր նշանավոր «Վերք Հայաստանի» վեպում կիրառում է սուբյեկտիվ-զգացական պատմելաոճ։ Մ. Նալբանդյանի ստեղծագործության մեջ ինքնակենսագրականությունն առավել շոշափելի սկզբունք է դառնում։ Նրա քնարերգության մեջ ինքնակենսագրական ուղղվածություն ունեն երկու լավագույն բանաստեղծությունները՝ «Ազատությունը» եւ «Մանկության օրերը»: «Հիշատակարանում» կարելի է մատնանշել Կոմս Էմանուելի կերպարի հեղինակային ինքնակենսագրականության իրողությունը, իսկ ժանրային տեսակետից՝ վեպի համադրականությունը` «…այս գործը կարծես օրագիր է օրագրի մեջ»:
Որակապես միանգամայն նոր փուլ կարելի է համարել Ղ. Աղայանի «Արություն եւ Մանվել» վեպը: Այն ոչ միայն գեղարվեստական երեւույթ է, այլեւ վեպ, որ հեղինակի պնդմամբ, ինքնակենսագրական բնույթ ունի:
Սակայն, մեր կարծիքով, ինքնակենսագրականության ձեւավորման հարցում բացառիկ է Պ. Դուրյանի պոեզիան: 19-րդ դարի կեսերի արեւելահայ քնարերգության մեջ գուցե ոչ այնքան սուր, սակայն բավական հետեւողականությամբ այս սկզբունքն արտահայտվում է Ս. Շահազիզի պոեզիայում («Երազը» եւ այլն):
19-րդ դարի վերջին քառորդին ինքնակենսագրականության սկզբունքն է՛լ ավելի է ուժգնանում: Հովհ. Թումանյանի եւ Ավ. Իսահակյանի պոեզիայում ինքնակենսագրականության առկայությունը բացատրելի է երկու մեծ բանաստեղծների գեղարվեստական աշխարհում հայրենի եզերքի բնության բացառիկ դերակատարությամբ: Եթե Իսահակյանի քնարերգության մեջ Շիրակի բնությունը եւ Ալագյազի կանաչ լանջերը կապված են քնարական հերոսի առաջին սիրո մոտիվի հետ, ապա Թումանյանի դեպքում Լոռվա հարազատ բնությունը հագեցած է ավելի լայն, գուցե թե, ավելի խոր իմաստով. այն մարդկային կյանքի ամենայն բարու ու լուսավորի ակունքն է եւ այդ պատճառով հաճախ խաչվում է մանկության թեմային, որը, անբաժանելի լինելով բնությունից, մշտապես հայտնվում է հեղինակի հիշողություններում:
Սկսած 19-րդ դարի վերջերից հայ ժողովուրդը մի շարք ողբերգական ցնցումներ է ապրում (կոտորածներ, առաջին համաշխարհային պատերազմ, հայ-թուրքական երկու պատերազմ, քաղաքացիական կռիվներ, փախստականներ, սով, սոցիալական աղետներ, ռուսական հեղափոխություն եւ Հայաստանի խորհրդայնացում…): Այս ամենը, ինչպես արդեն նշել ենք, ավելի են սրում ուշադրությունը ինքնակենսագրական սկզբունքի նկատմամբ: Մշակույթի, գրականության եւ արվեստի բազմաթիվ նշանավոր գործիչների կյանքի աշխարհագրությունը կտրուկ ընդլայնվում է, որն էլ, իր հերթին, արտահայտվում է հուշագրության աճով: Տարբեր ժամանակներում ստեղծվում են Ա. Շիրվանզադեի, Վահրամ Փափազյանի, Կ. Զարյանի եւ շատ ուրիշների հուշագրությունները: Ինչ վերաբերում է գեղարվեստական ինքնակենսագրական ստեղծագործություններին, ապա հայ գրականության մեջ դրանց ստեղծման եռուն շրջանը 20-րդ դարի 20-ականների վերջն է եւ 30-ականների սկիզբը:
Ինքնակենսագրականության սկզբունքը վառ արտահայտություն է գտնում Ե. Չարենցի ստեղծագործության մեջ: Նրա քնարերգության մեջ հաճախ, քան նախորդների պոեզիայում, քնարական հերոսն ընկալվում է ոչ միայն հեղինակի ներքին, հոգեւոր աշխարհի զուգահեռությամբ, այլեւ համադրելի է նրա «արտաքին» կենսագրության հետ (օրինակ՝ «Տաղ անձնականը», բազմաթիվ այլ բանաստեղծություններ «Էպիկական լուսաբաց» գրքից եւ այլն):
Հենց այս շրջանում են ստեղծվում Գուրգեն Մահարու, Վահան Թոթովենցի եւ Ստեփան Զորյանի ինքնակենսագրական վեպերը:
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ