Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրեր կան։ Դրանց շրջանակներում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ծրագրերի շրջանակներում 2022 թ. հունվար-փետրվարին աջակցություն է ստացել 394 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները՝ 277 մլն 125 հազար դրամ։ 2021 թ. նույն ժամանակահատվածում շահառուների թիվը եղել է 185, դրամական աջակցության չափը կազմել է 131 մլն 673 հազար դրամ։
Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։ Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։ Իսկ երկրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Մյուս ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն՝ ուղղված մայր գումարի մարմանը։ Խոսքը երեք՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության եւ երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի մասին է, եւ բոլորն էլ պետական ծրագրեր են ու միտված են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։
«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու մասին» կառավարության 2020 թ. մայիսի 14-ի որոշում կա։ Այստեղ նշվում է, որ ընտանիքներին աջակցությունը ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով է։ Ուսումնասիրությունների համաձայն՝ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն ունեցող խնդիրը բնակարայինն է, եւ պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող ոլորտն այս առումով հենց ա՛յս խնդրին լուծում տալն է։
Բնակարանային ապահովության պետական աջակցության տարբեր ծրագրեր են եղել եւ կան։ Մասնավորապես՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան` երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» (այս ծրագիրն ավարտվել է), «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին եւ սպորտսմեններին» (սա էլ է ավարտվել), «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին», «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովում»։
Այսքանից հետո կա՞ր, արդյոք, նպատակային ծրագրերի անհրաժեշտություն։ Պարզվեց՝ այո, որովհետեւ, ըստ ԱՍՀՆ-ի, բնակարանային ապահովության պետական աջակցության վերոնշյալ ծրագրերի հիմնական մասն իրականացվում է նպատակային բնակարանաշինության միջոցով։ Արդյունքում այդ ծրագրերը հասանելի չեն մարզերում։ Բացառությամբ առանձին դեպքերի՝ բնակարանային ապահովության պետական աջակցության գործող ծրագրերով էական արտոնություններ սահմանված չեն երեխա ունեցող ընտանիքների համար։ Առանձին դեպքերում, այդ ծրագրերի նպատակներին համահունչ, սահմանված են տարիքային սահմանափակումներ, սակայն արտոնություններ (աջակցություն) սահմանված չեն հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած ընտանիքներում երեխա ծնվելու դեպքում, ինչն էապես նվազեցնում է այդ ընտանիքում երեխայի ծնվելու հավանականությունը, հատկապես այն դեպքում, երբ կինն աշխատում է։ Երեխա ունեցող ընտանիքների դեպքում խնդրո առարկա է նաեւ կանխավճարը, հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիմնականում անշարժ գույքը ձեռք է բերվում երկրորդային շուկայից (այսինքն՝ բարձր է կանխավճարը)։ Մյուս կողմից էլ՝ երեխայի խնամքը ենթադրում է նաեւ ծախսեր, ինչն օբյեկտիվորեն սահմանափակում է կանխավճար կատարելու համար անհրաժեշտ միջոցները խնայելու հնարավորությունը։
Իսկ նպատակային ծրագրերը կօգնեն միանվագ դրամական աջակցություն տալ մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու համար, կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության համար դրամական ձեւով աջակցելու ընտանիքներին, նաեւ՝ երեխայի ծնունդով պայմանավորված՝ աջակցելու հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին։ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի իմաստով շահառուն երեխայի` ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողն է, ում սեփականության իրավունքով պատկանում է հիփոթեքային վարկով ձեռք բերված կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը։ Ծնողը շահառու է, եթե ինքն ու երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետռեգիստրի տվյալների հիման վրա։ Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է՝ 1. ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը, 2. անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային՝ հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։
Կանխավճարի ապահովագրության ծրագրի շրջանակներում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին պետական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեքային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։ Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել (փոխհատուցման ծրագրի շրջանակներում բնակելի անշարժ գույք կարող է ձեռք բերել) 1 անգամ։ Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (1 հիփոթեքային վարկի շրջանակներում) կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի։ Կանխավճարի ապահովագրության ծրագրի հիմնական պայմաններն են՝ 1. բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, 2. անշարժ գույքի ձեռք բերվող եւ գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, 3. կատարվող կանխավճարի նվազագույն չափ (առանց պետական աջակցության ծրագրերի շրջանակներում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոս եւ առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7.5 տոկոս, 4. շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա:
Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի հիմնական պայմաններն են՝ 1. երեխան ծնվել է 2020թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո, 2. անշարժ գույքի ձեռք բերվող եւ գնահատվող շուկայական առավելագույն գինը կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ եւ հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով, 3. երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ եւ վերջին 12 ամիսվա ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը։
Այս ամենի իրագործումից ակնկալիքը ծնելիության բարձրացումն է։ Համենայնդեպս, 2022 թ. հունվար-փետրվարին, ինչպես նյութի սկզբում ասացինք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահառուների թիվն ավելացել է։ Ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեր երկրի համար կարեւորագույն եւ ազգային անվտանգության խնդիր է։ Եվ եթե նշյալ բոլոր ծրագրերը բավարար չլինեն, հարկ է, որ պետությունն այլ՝ առավել բարենպաստ ու մատչելի քայլերի մասին էլ մտածի։ Որովհետեւ հատկապես 44-օրյա պատերազմից հետո խնդիրը մեզ համար է՛լ ավելի է սրվել։ Հետեւաբար, լուծումներն էլ պետք է տրվեն ավելի արագ ու արդյունավետ։