Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը նրա ստեղծագործությունների մեջ ամենաշատ թարգմանվածներից է (6 անգամ): Այն լույս է տեսել այնպիսի տարածված լեզուներով, ինչպես ռուսերենը, գերմաներենը, ֆրանսերենը, անգլերենը… Սա վկայում է այն մասին, որ հարազատ է ոչ միայն հայ ժողովրդին, այլև համընդհանուր մտահոգություն ու ցավ է զավակների կորստյան վիշտը սգացող` խորհրդանշական մոր անզսպելի արտասուքը…
Անփարատելի է «հին-հին դարուց» եկած մոր վիշտը, այս դեպքում` Արաքս գետի, որ սնուցում է իր զավակների օրրանը` Հայաստան աշխարհը, բայց այն տեսնում բզկտված, գերված, բաժանված թշնամյաց մեջ ու զավակներն էլ` կոտորված, սակայն խնդիրը միայն թշնամին չէ, այլ հայ ժողովրդի այն զանգվածների անտարբերությունը, որոնք թշնամու մեջ թշնամի չեն տեսնում և տարված են սեփական բարեկեցության խնդիրներով, անգամ` հայրենիքի համար չափազանց բախտախնդիր ժամանակներում, և սա առավել մեծ վիշտ է, քանի որ հենց դա է կոտրում ժողովրդի, պայքարող տեսակի մեջքը, ու հենց դրանից է օգտվում թշնամին, հենց դա է այն գարշապարը, այն թույլ տեղը, որին թիրախավորելով` հնարավոր է ծնկի բերել անգամ անխորտակ ուժը, իսկ հայ ժողովուրդը, որ մինչ օրս գոյատևել է, հենց իր արի զավակների աննահանջ ու համառ պայքարի շնորհիվ է գոյատևել, ովքեր ստիպված են եղել պայքարել ոչ միայն նենգ ու ոխերիմ թշնամու, այլև սեփական ազգակիցների դավերի ու նյութապաշտության դեմ, այսինքն` ոչ միայն դիմացից, որտեղ թշնամին է, այլև թիկունքից, որտեղ արյունակիցն է, ընդունել հարվածներ…
Ռափայել Պատկանյանի համար մարդկային կարևորագույն արժանիքը հայրենասիրությունն է, որին ստորադաս են բոլոր ձեռքբերումները, անգամ` հեռատես միտքը, ճարտար ձեռքերը, հեղինակավոր անունը, գիտությունն ու ուսումը, հարստությունը, նույնիսկ քաջությունը, եթե դրանցից շահ չունի Հայաստանը.
Հեռատես մըտքով դուն զարդարեցար,
Հըզոր իշխանի սիրելին դարձար.
Բայց թե մըտքեդ շահ չունի Հայաստան,
Թըքել ենք քու ալ, մըտքիդ ալ վըրան։
«Հայերուս թուքը» բանաստեղծության մեջ շատ շնորհների վրա է թքում բանաստեղծը, եթե այդ շնորհները չեն ծառայում ազգի շահերին, փոխարենը մեծարում է ողջ կյանքը հայրենիքին նվիրաբերողին, անկախ նրանից, թե ով է նա.
Կուտամ քեզ պատիվ, կունենաս դու հարգ,
Ու կըդընեմ քեզ ազնիվ մարդոց կարգ,
Երբ օրորանեդ մինչի գերեզման
Միակ ձըգտմունքըդ լինի Հայաստան։
Շատ լավ ճանաչելով հայ ժողովրդի թշնամուն՝ Պատկանյանը երբեք նրա հետ բարեկամության կամ խաղաղության կոչեր չի անում. հակառակը` կոչում է զինվել օրորոցից, պաշտպանել հայրենիքը զենքով ու սրով, սովորել նախ «արյուն վոթել», հետո միայն կրթություն ստանալ.
Կարդալ-գըրել լավ բան է…
Բայց որ հասավ քննություն՝
Աշակերտին հարցուցե՚ք —
Վոթել գիտե՞ նա արյուն։
1855 թվականին էր դեռ գրում «Մշեցոց նոր սերունդ» բանաստեղծությունը, բայց որքան արդիական է այն այսօր, երբ կարդում ենք վերոհիշյալ քառատողին հաջորդող քառատողը.
Լոկ դուք այսպես հուսացեք
Փըրկել խղճուկ Հայաստան…
Ազատ, անկախ մարդ երբեք
Լինելու չէ՜ մուրացկան։
Երևի չկա մեկը, որ այնպես պարծենա իր ազգային պատկանելությամբ և միևնույն ժամանակ այնպես արհամարհի այն, ինչպես մենք` հայերս։ Ազգային պատկանելությունը գուցեև անհատի առանձնահատուկ արժանիքը չէ, քանի որ այն, այսպես ասենք, ակամա երևույթ է. կախված չէ մեր ցանկությունից կամ ընտրությունից, բայց դա գենետիկ ժառանգություն է, որին կամ տեր ենք կանգնում, ինչպես մեր ծնողին, կամ հրաժարվում ենք նրանից, սակայն հրաժարվելով` չենք կարող բացասել այն, իսկ զուտ պարծենալով էլ՝ չենք կարող դրա տերը լինել, քանզի տեր լինել` նշանակում է նախ և առաջ ճանաչել, հետո գնահատել, ապա և պաշտպանել։ Լինել հայ` նշանակում է լինել հազարամյակների մշակույթի ժառանգորդ ու կրող, պատասխանատվություն զգալ այն պաշտպանելու, զարգացնելու ու պահպանելու համար, դառնալ դրա ինքնության մասնիկը և հաստատել իր տեղը համաշխարհային ազգերի վիթխարի տիրույթում։ Խնդրո առարկան Պատկանյանը շոշափում է «Հայ և հայություն» բանաստեղծության մեջ` խորապես հիասթափված շատերի` ազգային պատկանելության թյուրըմբռնումից.
Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
Ու չնայած մեր մշակութային ազգ լինելուն, շատ բաներ մեզանում դարերով ձևական բնույթ են կրում` թե մեր նիստուկացը, կենցաղը, թե մտածողությունը, թե անձնապաշտությունը և թե պարծենկոտությունը, որ, ցավոք, իրենց ոչ այնքան գերակշռությամբ, որքան խորությամբ ու սրությամբ առավել ազդեցիկ են, քան իրապես ազգային արժանիքները բարձր գնահատողների ու այն պաշտպանողների ջանքերը, մինչդեռ հայ լինելը նախ և առաջ անձնազոհություն է, առանց որևէ ակնկալիքի, այլապես այն ընդամենը առևտուր է, իսկ իրապես հայ լինելու պատասխանը հետևյալ հարցերի մեջ է հարկ փնտրել.
Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։
Իսկ նման քաջության հասնելու համար մանուկի օրորոցայինը պետք է բազեի երգը լինի, ռազմի ձայնը և ոչ թե զգոնությունը խլացնող քաղցրալուր մեղեդիները…
Ռափայել Պատկանյանը ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 20-ին, Ռուսական կայսրության Եկատերինոսլավ նահանգի Նոր Նախիջևան քաղաքում, գրող ու հասարարակական գործիչ Գաբրիել Պատկանյանի ընտանիքում, և ինչպես որ հայրը, այնպես էլ ինքը ոչ միայն ստեղծագործություններով, ոգով են ծառայել հայոց ազգին, այլև իրենց ակտիվ գործունեությամբ, ինչպես որ ծննդավայրում` 1867 թվականին, աղքատ երեխաների համար Ռափայելը բացեց հանրակրթական դպրոց և արհեստագործական ուսումնարան՝ անձամբ գլխավորելով ու ֆինանսավորելով այն, միաժամանակ հաստատության հաշվին կերակրելով աշակերտներին։ Ստանալով բազմակողմանի կրթություն, լավ ճանաչելով աշխարհի դրվածքն ու ապրելով ռուսական միջավայրում՝ Պատկանյանը բարձր էր գնահատում Ռուսաստանի դերը հայ ազգի պահպանության գործում։