Ֆրանչեսկո Գվիչարդինին (1483–1540) Վերածննդի դարաշրջանի նշանավոր դեմքե-րից է՝ պատմաբան, քաղաքագետ, բարոյագետ: Ունեցել է պետական-կառա-վարչական, դիվանագիտական եւ ռազմական գործունեության մեծ փորձառություն: Նշանակալի ներդրում ունի պատմագիտության մեջ՝ «Իտալիայի պատմությունը», «Ֆլորենցիայի պատմությունը» եւ մի շարք այլ գրքերով: Եղել է հանրապետական կառավարման հետեւողական կողմնակից, թեպետ կարողացել է բարձր պաշտոններ զբաղեցնել նաեւ Մեդիչիների բռնապետության օրոք. այս՝ առերեւույթ հակասությու-նը իրականում լուծվում է Գվիչարդինիի կրքոտ ցանկությամբ՝ ամեն կերպ նպաստել հարազատ Ֆլորենցիայի ծաղկմանը, կառավարման համակարգում պիտանի քաղա-քացիների ներգրավմանը, բացառել ներքին պառակտումը:
Երկար տարիներ Գվիչարդինին գրառումներ է արել մարդու բնույթի, բարոյական վարքագծի, առաքինությունների եւ արատների, այլոց եւ հանրության հետ անհատի փոխհարաբերությունների կարգավորման, կառավարման բարեփոխումների վերաբերյալ. այս ամենը դարձել է եզակի արժեքի գիրք՝ «Նոթեր քաղաքական եւ քա-ղաքացիական գործերի մասին», որի շրջանակներում էլ կփորձեմ ամփոփ ներկա-յացնել իտալացի ականավոր մտածողի որոշ մտքերն ու խորհուրդները:
Սոցիալ-փիլիսոփայական բոլոր դատողությունների հիմքը, բնականաբար, մարդու բնույթի ըմբռնումն է: Ֆրանչեսկո Գվիչարդինիի տեսակետն առանձնանում է շատ մտածողների, այդ թվում ավագ ընկերոջ՝ Նիկոլո Մաքիավելիի դիրքորոշումից, ըստ որի մարդն իր բնույթով չար է, ուստի բնականոն համակեցություն ապահովելու հա-մար գերադասելի են կառավարման հարկադրական եղանակները (հատկապես՝ վա-խը իշխանավորից): Գվիչարդինիի բացատրությունը հետեւյալն է. «Մարդիկ ի բնե հակված են բարուն, ուստի բոլոր նրանց համար, ովքեր չարիքից հաճույք չեն ստա-նում, ոչ էլ օգուտ են կորզում, բարին ավելի սիրելի է, քան չարը: Բայց քանզի մարդու բնույթը տկար է, իսկ գայթակղությունները բազում են, մարդիկ հանուն իրենց շահի դյուրին փոխում են բնատուր հակումները: Ահա թե ինչու, բնավ ոչ մարդու վրա բռնա-նալու համար, այլ հանուն այն բանի, որ նա չդավաճանի իր բնույթին, իմաստուն օրենսդիրները հորինել են խթաններ եւ սանձ, այսինքն՝ պարգեւ եւ պատիժ»:
Իր հերթին, հասուն անձը սեփական վարքի տերն է, ուստի արտաքին իրողության ազդակներին՝ պարգեւներին եւ պատիժներին, հակադրվում կամ հարմարվում է ըստ իր ընտրության, կայունացած վարքականոնի. վերջինս, ըստ Գվիչարդինիի առա-ջարկի, հետեւյալն է. «Պատիվ եւ հարգանք հարկ է ավելի ցանկանալ, քան հարստու-թյուն: Բայց քանի որ մեր օրերում դժվար է պահպանել հարգանքը առանց հարստու-թյան, ուստի առաքինի մարդկանց հարկավոր է ջանալ հարստություն ունենալ ոչ թե չափից դուրս, այլ այնքան, որքան հարկավոր է հարգանք եւ իշխանություն ձեռք բե-րելու կամ պահպանելու համար»:
Ինչպես հայտնի է, մարդու ոչ միայն բնույթն առհասարակ, այլեւ որոշակի անձի բնութագիրը բացահայտվում է իրական վարքագծի մեջ, հատկապես իշխանական դիրք եւ իշխելու լծակներ ստանալիս ու պաշտոնավարելիս: «Պաշտոնը բացահայ-տում է մարդուն»՝ ասում է հին հռոմեական ասացվածքը: Գվիչարդինին շարունակում է նույն ոգով. «Որքան ստույգ է եղել հների ասույթը՝ «Magistratus virum ostendit»: Ոչինչ այնքան չի բացահայտում մարդու հատկությունները, որքան գործ հանձնարարելը կամ իշխանությամբ օժտելը: Որքան են այնպիսիք, որ գեղեցիկ խոսում են, բայց անել չգիտեն: Իսկ որքան շատ են այնպիսիք, որ պատկառազդու են, քանի դեռ պաշ-տոնի տեր են, իսկ գործերին ես նայում՝ կարծես ստվեր լինեն»:
Ակնհայտ է, որ այս օրինաչափությունը բախտորոշ է հատկապես հանրային կա-ռավարման համակարգի արդյունավետ գործառության համար. կարեւորը կառավա-րողների համապատասխանությունն է կառավարման հիմնական գործառույթներին, այլ կերպ ասած՝ «ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում» հինավուրց սկզբունքի անշեղ ապա-հովումը: Անհամապատասխանությունը վնասակար է ամբողջ հանրության բնականոն կյանքի համար: Գվիչարդինիի համար դա ախտորոշման հիմք է. «Երբ կառավարում են հոռի կամ տգետ մարդիկ, չպետք է զարմանալ, որ առաքինությունն ու բարությունը չեն գնահատվում. առաջինը նրանք ատում են, երկրորդից տեղյակ չեն»:
Իտալացի մտածողի հաջորդ դրույթն այն մասին է, թե ինչու անհաջող կառավարման հանգամանքը իսկույն չի նկատվում. սովորական մարդիկ ընտելանում են իրողությանը, իրենց տեղին չհամապատասխանող ղեկավարներն էլ, որպես կանոն, մոլորության մեջ են լինում սեփական գործունեության գնահատականի հարցում. «Եթե հոռի կառավարման վնասն այնքան ակնհայտ լիներ, որ պարզ լիներ, թե ինչից է այդպես, ապա նվազ փորձառու մարդը կա՛մ կկարողանար սովորել, կա՛մ էլ կամովին հնարավորություն կընձեռեր կառավարելու նրան, ով դրանից ավելի է գլուխ հանում»:
Անտարակույս, հոռի կառավարման եւ ձախավեր կառավարիչների առկայությունը միայն վերջիններիս չիմացությամբ չի բացատրվում. Գվիչարդինին այստեղ շրջան-ցում է իշխանատենչության հանգամանքը, երբ հոռի կառավարման անցանկալի հե-տեւանքներն ակնհայտ են ոչ միայն դրանց ուղղակի մեղավորի, այլեւ ուրիշների հա-մար, սակայն կամովին տեղը զիջելու մասին խոսք անգամ չի լինում: Պաշտոնը ոչ միայն բացահայտում է մարդուն, այլեւ ունակ է նրան ձեւախեղելու, զրկելու սթափ ինքնագնահատականից. ինչպես Մաքս Վեբերն է բնութագրել, տեղի է ունենում «իշխանական ինքնարբեցում»:
Թերեւս, Գվիչարդինին էլ յուրովի շոշափում է այս երեւույթը, մասնավորապես երբ հորդորում է չափազանց շատ չդիմել մարդկանց սպառնալիքով կառավարելու մեթո-դին. «Իշխանավորի համար դժվար գործ չէ վախ ներշնչելը, մանավանդ երբ դաժա-նությունը եւ անողոք միջոցները հաճախակի են կիրառվում. հպատակները վա-խեցած են նման իշխանավորից, որը պատրաստ է հաշվեհարդար տեսնելու, աճա-պարում է բռնություն գործադրել եւ սնանկացնել: Փառք ու պատիվ այն իշխանավո-րին, որը հազվադեպ է դիմում բռնությանը եւ պատիժներին, այդուհանդերձ, կարողա-նում է ստեղծել ահեղ ղեկավարի համբավ»:
Հեղինակի մեկ այլ դատողության մեջ հանդիպում ենք հօգուտ նման կառավար-չական վարվելակերպի մի լրացուցիչ փաստարկման. «Այլոց հանդեպ իշխանություն ունենալը մեծ բան է: Ով լավ գիտի դա տնօրինել, նա մարդկանց ավելին է ահաբե-կում, քան ուժ ունի դրա համար: Հպատակը, չիմանալով քո զորության սահմանները, ավելի շատ հակված է զիջելու, քան փորձելու, թե կարո՞ղ ես արդյոք իրականացնել քո սպառնալիքը»: Սա նման է Մաքիավելիի լուծմանը՝ ավելի լավ է երեւալ դաժան, նմանակել դաժանություն, քան լինել իրականում եւ հաճախակի գործադրել. հպա-տակների վախը կարող է վերածվել ատելության. առաջինը զրկում է մարդուն գործելու կամքից, երկրորդը, ընդհակառակը, մղում է եռանդուն հակազդեցության:
Արդյունավետ կառավարման հիմնական պայմանը հստակ նպատակադրումն է, լինի ամբողջ պետության կառավարում, թե մարդկանց որոշակի հանրույթի համատեղ աշխատանքի համակարգում. «Իմացեք, որ ով կառավարում է ինչպես պատահի, ա-նորոշ ուղիով, նա վերջիվերջո հայտնվելու է անորոշ մի տեղում: Ստույգ ուղին պա-հանջում է խորհել, վերլուծել, հաշվի առնել ամեն մի, թեկուզ ամենից չնչին հանգա-մանքը: Այդպես վարվելիս էլ միեւնույն է գործերը լավ վարելը դյուրին չէ, դե, մտա-ծեք, ուրեմն, ինչ վիճակում են նրանց գործերը, ովքեր տրվել են գետի հոսանքին»:
Ժամանակակից կառավարաբանության մեջ կարեւորվում է կառավարման էության ըմբռնումը որպես «սուբյեկտ-օբյեկտային» փոխհարաբերության միջնորդավորման տեսակ, այլ կերպ ասած՝ կառավարման սուբյեկտի նպատակադրումը իրականանում է օբյեկտի կատարողական աշխատանքի միջոցով: Հարցադրման մյուս կողմն այն է, որ բուն այդ նպատակադրումը ձեւավորվում է նաեւ ըստ օբյեկտի առանձնահատ-կությունների պարտադիր հաշվառման: Այլ կերպ ասած՝ լավ կառավարիչը նա-խապես գիտե, թե ում է կառավարում: Հետահայաց՝ նման միտք հանդիպում ենք Գվի-չարդինիի դատողություններից մեկում. «Ես հաճախ են տեսել, թե մարդիկ ինչպես են սխալվում, երբ դատողություններ են անում իշխանության մասին: Սովորաբար, նրանք խորհրդածում են, թե ինչպես է պարտավոր վարվել այս կամ այն իշխանա-վորը, սակայն չեն քննարկում այն, թե ինչպես պիտի վարվի նա, հետեւելով սեփական բնույթին եւ խելքին: Ահա թե ինչու, եթե ցանկանում ենք, օրինակ, դատել այն մասին, թե ինչ պիտի անի Ֆրանսիայի թագավորը, մենք պարտավոր ենք ավելի շատ մտածելու ֆրանսիացիների բնավորության եւ բարքերի մասին, այլ ոչ ինչպես պիտի վարվի խելամիտ մարդը»:
Ուշագրավ են Գվիչարդինիի խորհուրդները կառավարչի աշխատանքի կարեւորա-գույն օղակի՝ կառավարչական վճռի կայացման վերաբերյալ: Դրանցից մեկը կա-ռավարչի հոգեբանական պատրաստակամության մասին է. «Որեւէ գործ ձեռնարկե-լիս հարկավոր է լավ կշռադատել ամեն ինչ, այդուհանդերձ, չարժե ուռճացնել դժվա-րությունները. այլապես մարդ կմտածի, թե գործը գլուխ չի բերի եւ մի կողմ կքաշվի: Ընդհակառակը, հարկավոր է հիշել, որ գործի մեջ մտնելիս ես տեսնում, որ դա շատ ավելի դյուրին է անելը, քան թվում էր, եւ որ առաջ շարժվելու հետ՝ շատ դժվարու-թյուններ ինքնաբերաբար վերանում են: Սա զտագույն ճշմարտություն է, եւ գործ ա-նողներն ամեն օր են տեսնում դրա հաստատումները»:
Սկսած գործը մինչեւ վերջ հասցնելու մասին շատ խորհուրդներ են եղել մինչեւ մեր հեղինակը. նրա ավելացրած նորը գործն ավարտին հասցնելու ընթացքին է վերա-բերում, երբ հնարավորություն է առաջանում ստեղծագործաբար վարվել. «Ձեզ համար կանոն սահմանեք՝ բավական չէ գործը սկզբնավորել, ընթացքի մեջ դնել, ճշգրտել ուղղությունը. գործին հարկավոր է ակնդետ հետեւել, մինչեւ բուն ավարտը: Ով որ գործը մինչեւ վերջ է հասցնում, որոշ չափով նպաստում է դրա կատարելա-գործմանը: Իսկ ով այլ կերպ է գործում, երբեմն գործը համարում է ավարտված, մինչ-դեռ նոր է սկսվել, կամ էլ նոր-նոր դժվարություններ են հայտնվում. այդպես է լինում թե՛ մարդկանց անփութության, անշնորհքության, անկամության պատճառով եւ թե՛ գործի բարդ բնույթի հետեւանքով: Գործադրեք այս կանոնը. դրա շնորհիվ ես հաճախ եմ մեծարանքի արժանացել, իսկ այլ կերպ վարվողները պախարակվել են»:
Եվ մեկ խորհուրդ, որ վերաբերում է «ճիշտ վճիռը՝ ճիշտ պահին» իրագործելու պահանջին. «Չի կարելի նախատել մարդկանց այն բանի համար, որ նրանք դանդաղ են վճիռ կայացնում: Թեպետ լինում են գործեր, որոնք անհրաժեշտ է արագ կատա-րել, բայց հաճախ ավելի շատ հենց նրանք են սխալվում, ովքեր աճապարում են վճռելիս, քան նրանք, ովքեր գործում են անշտապ: Փոխարենը հարկավոր է ամենից առաջ դատապարտել դանդաղկոտությունը արդեն կայացված վճիռը կատարելիս, մի դանդաղկոտություն, որը, կարելի է ասել, մշտապես վնասում է, իսկ օգուտը պատա-հական է լինում»:
Ուսումնասիրելով Իտալիայի, մասնավորապես՝ Ֆլորենցիայի պատմության մեջ կատարված հեղաշրջումները, կառավարման համակարգի արմատական փոփոխու-թյունները, որոնք, որպես կանոն, ոչ միայն չեն հանգեցրել ցանկալի բարեփոխումնե-րի, այլեւ չեն գոհացրել հենց փոփոխություններ ձեռնարկող ուժերին, Գվիչարդինին իրեն իրավունք է վերապահում խորհուրդ տալ ընթերցողներին զերծ մնալու անխո-հեմ, ժամանակավրեպ, չհասունացած փոփոխություններից. «Եթե հանրապետությու-նում քաղաքացիները ապրում են փոքրիշատե տանելի հասարակարգում, թեկուզ եւ ինչ-որ մի արատ ունեցող, ապա թող նրանք չձգտեն տապալել եղածը հանուն ավելի լավի. գրեթե միշտ նորը նախկինից վատթարն է լինում, քանզի նախկին հասարա-կարգը փոփոխող մարդն ի զորու չէ նոր կառավարումը ճշգրտիվ համապատասխա-նեցնել իր պատկերացումներին եւ մտահղացումներին»:
Իր բազում դիտարկումներն ու խորհուրդները (որոնց միայն մի մասը քննարկվեց) շարադրելով՝ Ֆրանչեսկո Գվիչարդինին քանիցս զգուշացնում է դրանց պատշաճ գործադրման կարեւորության մասին. ամեն մի խորհուրդ չէ, որ պիտանի է ամեն իրա-վիճակում. ամեն ոք իր փորձառության շնորհիվ պիտի ընտրի իրեն եւ տվյալ պահին առավել հարմար վարվելակերպը:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր