Երբեմն որեւէ մեկի մասին խոսելիս, հատկապես ռազմական գործչի, ի միջի այլոց հիշում ենք նաեւ նրա ստացած մեդալներն ու շքանշանները, կոչումները, ինչը, սակայն, ընկալվում է որպես նրա գործունեության աղանդեր, կուրծքը զարդարող հարստություն, սակայն խորանալիս պարզվում է այդ շքեղության տակ թաքնված վտանգներով լի անձնազոհ կյանքի պատմությունը…
ՍՍՀՄ ցամաքային զորքերի գեներալ-գնդապետ, ռազմական գիտությունների թեկնածու Խաչիկ Մինասի Համբարյանի կյանքը ծնունդ առավ Շիրակամուտում՝ գյուղացու ընտանիքում՝ 1919 թ. սեպտեմբերի 22-ին։ Միջնակարգն ավարտելուց հետո Համբարյանն ընդունվեց եւ 1936 թ. ավարտեց Լենինականի երկաթուղային տեխնիկումը։ Աշխատանքի անցավ ՀՍՍՀ Բայանդուր երկաթուղային կայարանում՝ սկզբում պետի օգնական, այնուհետեւ կայարանապետ, դրանից հետո էլ՝ Երեւանի երկաթուղային կայարանի պետի օգնական, 1939-ին զորակոչվեց բանակ։ 1941 թ. հունիսին ավարտեց ռազմական ուսումնարանը եւ միանգամից զինվորագրվեց Մեծ հայրենականին։
Խաչիկ Համբարյանը ղեկավարել է Արեւմտյան ռազմաճակատի 13-րդ բանակի 45-րդ հրաձգային կորպուսի 148-րդ հրաձգային դիվիզիայի 507-րդ հրաձգային գնդի հրաձգային դասակը եւ հրաձգային վաշտը։ Համբարյանը մասնակցել է Վիտեբսկի ճակատամարտին (ներառյալ Բիխովի պաշտպանությանը եւ Դնեպրի վրա գերմանական կամուրջները ոչնչացնելու փորձերին), Սմոլենսկի պաշտպանական մարտերին, վիրավորվել 1941 թ. հուլիսի 5-ին, սեպտեմբերի 21-ին։ Ապաքինվելուց հետո՝ 1942 թ. հունիսի 19-ից Համբարյանը մարտնչում է Կարելական ճակատում։ 1943 թ. նրան նշանակում են Արեւմտյան ռազմաճակատի 4-րդ հարվածային բանակի 154-րդ հրաձգային դիվիզիայի 437-րդ հրաձգային գնդի հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին, նույն թվականին էլ՝ նույն դիվիզիայի 22-րդ գվարդիական հրաձգային կորպուսի 437-րդ հրաձգային գնդի շտաբի պետ։ 1944 թ. հունիսից Համբարյանը նշանակվում է Բալթյան 1-ին ռազմաճակատի 43-րդ բանակի օպերատիվ շտաբի վարչության պետի օգնական։ Այդ պաշտոններում մասնակցում է Սմոլենսկի, Վիտեբսկի, Բելառուսի, Արեւելյան Պրուսիայի հարձակողական գործողություններին, վիրավորվում եւս երեք անգամ՝ 1944 թ. հունվարի 6-ին, 1944 թ. մարտի 17-ին եւ 1945 թ. փետրվարի 18-ին։ Մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար 1943-1945 թթ. պարգեւատրվել է չորս մարտական շքանշաններով։ 1945 թ. մարտին նշանակվել է 3-րդ բելառուսական ռազմաճակատի 43-րդ բանակի 54-րդ հրաձգային կորպուսի 263-րդ հրաձգային դիվիզիայի 995-րդ հրաձգային գնդի հրամանատար։ Որպես գնդի հրամանատար առանձնակի աչքի է ընկել Քյոնիքսբերգի վրա գրոհի ժամանակ։ 4 օրյա գրոհի ընթացքում՝ 1945 թ. ապրիլի 6-10-ը, նրա առաջնորդած գունդը գրավում է քաղաքային 9 թաղամաս, մսամթերքի վերամշակման կառույցների համալիր, թշնամուց մաքրում 2 փողոց, ոչնչացնում 400 գերմանացի զինվոր, 800-ին գերեվարում։ Դրա հետ մեկտեղ ոչնչացվում է 19 հրանոթ, 38 գնդացիր, գրավվում 9 պահեստ եւ 50 տարատեսակ ավտոմեքենաներ։ Մարտական ծառայության գերազանց իրականացման համար գնդին շնորհվում է «Քյոնիքսբերգյան» պատվավոր կոչումը, իսկ գնդի հրամանատար Խաչիկ Համբարյանը պարգեւատրվում Լենինի շքանշանով։
Պատերազմը, ի վերջո, ավարտվում է, սակայն չի ավարտվում Խաչիկ Համբարյանի զինվորական կենսագրությունը, քանզի խաղաղ ժամանակ էլ չեն վերանում բանակի խնդիրները, ավելին՝ խաղաղությունն ընդամենը դադար է ցանկացած անակնկալի պատրաստ լինելու եւ բանակի արսենալը զարգացնելու համար, իսկ պրոֆեսիոնալները միշտ էլ պետք են բանակին, հատկապես պատերազմի բովով անցած խիզախները։ Այդպես էլ՝ 1945 թ. Խաչիկ Համբարյանը գործուղվում է սովորելու, 1948 թ. ավարտում Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ 1955 թ. հունվարից մինչեւ 1957 թ. դեկտեմբերը Համբարյանը ղեկավարում է Հեռավորարեւելյան ռազմական օկրուգի 15-րդ բանակի 79-րդ հրաձգային դիվիզիան։ Ուսումը, սակայն, շարունակվում էր. 1959 թ. Համբարյանը ոսկե մեդալով ավարտում է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, ծառայում բանակի շտաբային եւ հրամանատարական պաշտոններում. 1961 թ. դեկտեմբերի 13-ից՝ Կալինինգրադի շտաբում Բալթյան ռազմական օկրուգի 11-րդ գվարդիական բանակի հրամանատարն էր, 1966 թ. մարտի 19-ից՝ Բելառուսի ռազմական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալը, 1969 թ. մայիսի 28-ից՝ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալը՝ Մարտական պատրաստության գլխավոր վարչության պետը։ 1975-ից Խաչիկ Համբարյանը Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետությունում գլխավոր ռազմական խորհրդական էր։ 1981-ից՝ ռազմաուսումնական հաստատությունների գծով՝ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը՝ Ցամաքային զորքերի ռազմաուսումնական հաստատությունների վարչության պետ: 1985-ից Համբարյանը Եթովպիայում գլխավոր ռազմական խորհրդական էր։ 1987-ից Համբարյանն անցնում է հանգստի։
Բացի այդ, վաստակաշատ զինվորականը նաեւ ակտիվ հասարարակական-քաղաքական գործիչ էր. 1939-ից՝ ՍՄԿԿ անդամ, 1963-67 թթ. ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի 6-րդ գումարման պատգամավոր, 1967-75 թթ.՝ Բելոռուսական ՍՍՀ Գերագույն խորհրդի 7-8-րդ գումարման պատգամավոր։ Այսպես կարելի է շարունակել Խաչիկ Համբարյանի կենսագրականը՝ հավելելով ու նաեւ մեկ առ մեկ թվարկելով ինչպես ՍՍՀՄ, այնպես էլ արտասահմանյան երկրներից ստացած առնվազն 32 շքանշանները, մեդալները, հուշամեդալները, սակայն յուրաքանչյուրս էլ կարող է պատկերացնել, թե ինչ կյանքի ու մահու պայքար է թաքնված դրանցից յուրաքանչյուրի տակ… Նման խիտ ու հագեցած կենսագրություն ունեցող անձնավորությունը անմասն չէր կարող մնալ հուշեր գրելու ինքնաբերական պահանջից. 2001 թ. Մոսկվայի «Воениздат»-ը հրատարակեց գեներալ-գնդապետ Խաչիկ Համբարյանի «Հայրենիք, երդվում եմ քեզ» հուշերի գիրքը, որը ոչ միայն չափազանց հետաքրքիր, այլեւ ուսանելի շատ էջեր է պարունակում։ Ու չնայած հայ ժողովրդի պանծալի զավակը իր կյանքի մեծ մասն անցկացրեց ՍՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում, նրա ծննդավայրը չմոռացավ նրան եւ ծննդավայրի միջնակարգ դպրոցը կոչվեց նրա անունով։
Հուլիսի 28-ը գեներալ-գնդապետ Խաչիկ Մինասի Համբարյանի հիշատակի օրն է. նա վախճանվել է 2004 թ. Մոսկվայում, հուղարկավորվել Տրոյեկուրովյան գերեզմանատանը։