Դրոն ամուսնացած է եղել երեք անգամ։ Առաջին կինը՝ Նվարդը, որից մեկ որդի ուներ, երիտասարդ տարիքում մահացավ։ Երկրորդ կինը՝ Արփենիկը, որի հետ նա ամուսնացավ 1915 թ., երկու որդիների հետ բազում դժվարություններ կրեց։ 1917 թ. ծնվեց Արփենիկի եւ Դրոյի առաջնեկ որդին՝ Սուրենը։ 1923 թ. Դրոյին հաջողվեց բուժման նպատակով արտերկիր ուղարկել առաջին ամուսնությունից ծնված 14-ամյա որդուն՝ Լյուդվիգին։ Երբ 1924 թ. Դրոյին թույլ տվեցին դուրս գալ Խորհրդային Միությունից, եւ նա մեկնեց Ռումինիա, այդ ժամանակվանից սկսվեց Արփենիկի` դժվարություններով լի կյանքի քառասնամյա ոդիսականը։ 1925 թ. Արփենիկը երկու որդիների՝ 8-ամյա Սուրենի եւ 5-ամյա Գուրգենի հետ վերադարձավ Էջմիածին, հետո՝ Երեւան, ապա մեկնեց Մոսկվա, իսկ 1937 թ. որդիների հետ աքսորվեց Սիբիր։ Աքսորավայրում՝ Օմսկում, 22-ամյա Սուրենը մահացավ թոքաբորբից։ Հետո ընտանիքն աքսորվեց Թավրիզ, ապա վերադարձավ Ռուսաստան։ Տասը տարվա ընթացքում Դրոն փորձում էր ընտանիքը Ռումինիա տեղափոխելու թույլտվություն ստանալ խորհրդային իշխանություններից, սակայն մերժվում էր։ Ի վերջո, 1935 թ., տեսնելով, որ ապարդյուն են բոլոր փորձերը, նամակ գրեց Արփենիկին՝ նորից ամուսնանալու թույլտվություն խնդրելով։
Դրոյի երրորդ կինը Գայանե Ապրելյանն էր։ Նրանց որդին՝ Մարտիրոսը (Մարտիկ), ծնվեց 1938 թ.։ Մարտիրոս եւ Ալիս Կանայանների երկու որդիները՝ Դրոն եւ Ֆիլիպը, մեծացան ԱՄՆ-ում։ 1991-ից սկսած նրանք հաճախ այցելել են հայրենիք, մասնակցել իրենց անվանի պապի հիշատակին նվիրված միջոցառումներին կամ ուղղակի հանգստանալու նպատակով։ Ֆիլիպ Կանայանը հերթական անգամ Երեւանում էր։
-Ցավոք, իմ պապը մահացավ 1956 թ.,- ասաց նա,- իսկ ես ծնվել եմ 1972-ին, այդ իսկ պատճառով չունեմ անմիջական հիշողություններ պապիկիցս։ Տատիկս կամ ընտանիքի շատ բարեկամներ ու ընկերներ միշտ պատմել են նրա մասին։ Հայրս էր շատ պատմում պապիս մասին։ Առանձնահատուկ հուշեր չունեմ նրա մասին, բայց կպատմեմ, թե հայրս ինչ էր ասում. գեներալ Դրոն եւ իր հայր Դրոն շատ տարբեր մարդիկ էին։ Գեներալ Դրոն պետության, պետական անձ էր, իսկ իր հայր Դրոն սիրում էր ամերիկյան կովբոյների ֆիլմեր դիտելով՝ ժամանակ անցկացնել որդու՝ հորս հետ։
Գայանե Կանայանը, լինելով քահանայի դուստր, ապա նաեւ՝ որպես Դրոյի կին, լայն շփումներ ուներ ոչ միայն հայ համայնքում, այլեւ, ընդհանրապես, Ռումինիայում։ Նա բազմաթիվ հայերի է օգնել, որոնք փախել էին Խորհրդային Միությունից՝ կոմունիստական բռնաճնշումներից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընտանիքը տեղափոխվեց Բեյրութ, իսկ 1951-ին՝ Ուոթերթաուն (ԱՄՆ): Ամենուր տիկին Գայանեն շարունակում էր իր գործուն մասնակցությունը հայ համայնքային կյանքին, Հայ օգնության միության աշխատանքներին, որոնք ուղղված էին Հայաստանին օգնելու ծրագրերի իրականացմանը։ Նա Լիբանանի Կարմիր խաչի գործադիր մարմնի անդամ էր, ապա նաեւ՝ տնօրենը, իսկ ԱՄՆ-ում ՀՕՄ-ի կենտրոնական վարչության անդամ էր, ապա դարձավ կազմակերպության նախագահը։ 1992 թ. Գայանե Կանայանը Հայ եկեղեցու կողմից արժանացավ «Տարվա մայր» տիտղոսին։ Մոր, կնոջ եւ տատի պարտականություններն ընտանիքում միշտ մեծ պատասխանատվությամբ կատարած կինը Դրոյի խորհրդատուն էր, օգնականը եւ սիրելին։ Տատս շատ սիրառատ կին էր եւ, գիտեք, Դրոյի նման տղամարդու կողքին լինելու համար պետք էր լինել ուժեղ կին։
Ռումինիայում, այն ժամանակ, երբ հանդիպել է պապիկիս, տատիկս ծառայում էր Վազգեն Առաջին կաթողիկոսի մոտ. նրա համար ամեն օր կերակուր էր պատրաստում։ Նա կատարում էր նաեւ կազմակերպչական այլ աշխատանքներ։ Տատս հայկական համայնքի գործուն անդամներից է եղել ողջ կյանքում։ Նա համոզված էր, որ կանայք պետք է կրթված լինեն։ 1918 թ.` սովորելու նպատակով, նա Հայաստանից մեկնեց Օդեսա։ Դժբախտաբար, ռուսական հեղափոխությունը խանգարեց ուսմանը։ Նույնիսկ 1918 թ. մարդիկ գալիս էին սովորելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նա համոզված էր, որ կրթությունն ուժեղացնում է կնոջը։
-Ի՞նչ դեր է կատարել անձամբ Ձեր կայացման գործում ընտանեկան արժեհամակարգը։
-Ես ծնվել եմ գենետիկ պարգեւով եւ միշտ շատ երջանիկ եմ եղել այդ հանգամանքով։ Բայց իմ հայրն ասում էր, որ իր հայրը, այսինքն՝ պապս, դա չի արել, որ ես հարգանք ու պատիվ վայելեմ կամ մարդիկ ինձ ակնածանքով վերաբերվեն։ Այլ նա դա արել է, որ մենք պետություն ունենանք։ Ու եթե ես շրջում եմ ու մարդկանց ասում եմ, որ Դրոյի թոռն եմ, ապա նույնպես պիտի օգտակար գործ անեմ, որպեսզի ունենանք պետություն։ Որքան որ հիշում եմ, դա մեր ընտանիքի հավատամքն է եղել։
Իմ հայրը պապիկիցս մի նամակ ուներ, որտեղ երեք խորհուրդ կար նշված. առաջինը՝ երբեք չմոռանա՛ս մորդ, երկրորդը՝ երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ, որից սերում ես, քո հայկական ժառանգությունը չմոռանա՛ս, եւ երրորդը՝ որ երկրում էլ հանգրվանես, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, հնարավորություն չես ունենալու Հայաստանում ապրելու, հարգի՛ր այդ երկրի նիստուկացը, օրենքները, եղի՛ր լավ քաղաքացի եւ հարգանքով վերաբերվի՛ր այն պետությանը, որի քաղաքացին ես, որովհետեւ դա միակ ուղին է Հայաստանին օգնելու, որովհետեւ այդպես դու հայ մարդու եւ Հայաստանի մասին ճիշտ պատկերացում ես տալու ոչ հայերին։
-Ինչպե՞ս արթնացավ Ձեր մեջ Հայաստանի նկատմամբ սերը։
-Ես Հայաստանում եղել եմ տասն անգամ։ Եվ նույնիսկ կատակում եմ. ամեն այցելություն տարբեր է եղել մյուսից։ Առաջին այցելությանս՝ 1991 թ., ես 18 տարեկան էի։ Շատ լավ էի սովորում դպրոցում, եւ հայրս հարցրեց՝ ի՞նչ եմ ուզում անել։ Ես ասացի, որ ուզում եմ տեսնել Հայաստանը։ Նա հարցրեց. «Վստա՞հ ես, որ հենց դա ես ուզում եւ ոչ թե՝ այցելել Գերմանիա կամ Ավստրիա»։ Սփյուռքում ինձ համար Հայաստանն իրական չէր, այն ֆիլմի էր նման, այն Դիսնեյլենդի նման մի բան էր, ինձ համար՝ ո՛չ իրական, եւ երկու շաբաթ անց հայրս նորից հարցրեց, թե, արդյոք, դեռ ուզո՞ւմ եմ այցելել Հայաստան, ասացի. «Իհարկե, դա այն է, ինչը ես ուզում եմ»։ Իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ Հայ երիտասարդական միության մեջ, բանակումների եմ մասնակցել, Եկեղեցու հովանու ներքո միջոցառումների եմ մասնակցել եւ, իհարկե, ուզում էի տեսնել իրական Հայաստանը։ Այն պիտի շոշափելի դառնար ինձ համար։ Ու, երբ մենք վայրէջք կատարեցինք, եւ առաջինը երեւաց Արարատ լեռը, ես առաջին անգամ տեսա հորս՝ արտասվելիս։ Նա շատ ազդված եւ տպավորված էր այդ տեսարանով։ Երկուսիս համար էլ առաջին ճամփորդություն էր, եւ այդ ժամանակվանից սկսվեց սիրո պատմությունն այս երկրի հետ։ Ճիշտ վեց շաբաթ առաջ էր անկախացումից։ Դուք կհիշե՛ք. անկախության հոտն օդում զգացվում էր 1991 թ. հուլիսին։
Հավելեմ, որ նույն ամռանն առաջին անգամ Երեւանում հանդիպեցին Դրոյի երկու որդիները՝ ԱՄՆ-ից ժամանած Մարտիրոսն ու Օմսկից ժամանած Գուրգենը։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից եւ վերջին ռազմական նախարար, Բաշ Ապարանի ճակատամարտի հերոս Դրաստամատ Կանայանը՝ Դրոն, մահկանացուն կնքեց Բոստոնում, 1956 թ. մարտի 8-ին։ Լեգենդար զորահրամանատարի անունը կրող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հիմնադրվել է 2005 թ.։ Դրոյի ընտանիքը նույնպես ներգրավված է եղել համալսարանի հիմնադրման գործընթացում՝ այդ նպատակով 1998-2000 թթ. ԱՄՆ-ում եւ Կանադայում իրականացնելով մեծ դրամահավաք։ 2016 թ. ինստիտուտի հիմքի վրա ձեւավորվեց ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների համալսարանը։
-Ես այցելել եմ այնտեղ 4 կամ 5 անգամ։ Մեր նախնական պատկերացումն այն էր, որ դա պիտի լինի կրթական հաստատություն՝ կրթելու բարձրակարգ զինվորականների, որոնք պատրաստ կլինեին առաջնորդելու երկիրը։ Հետո տեսլականը փոխվեց կառավարության միջամտությամբ, եւ այն դարձավ մտքի կենտրոն։ Մեր նախընտրած տարբերակը չէր, բայց մեր ընտանիքի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Հայաստանի կառավարությունը մեզնից լավ գիտի երկրի կարիքները։ Հետո ինստիտուտի ղեկավար կազմում փոփոխություններ եղան, հաստատությունն ավելի մոտեցավ կրթականին, եւ մենք շատ ոգեւորված էինք այդ կապակցությամբ։ Նրանք ցույց էին տալիս ինձ բաներ, որոնք ես երբեւէ չէի պատկերացնի, որ կան, ու կտեսնեմ։ Շատ մարդիկ հիմա հույսը կորցրել են։ Բայց ես, տեսնելով այդ տեսակ հաստատությունը, շատ հուսառատ եմ Հայաստանի համար։
-Զորավար Դրոյի թոռը լինելն ինչպե՞ս է ազդել Ձեր անձնական որոշումների վրա։
-Ես միշտ ձգտել եմ, եւ հայրս նույնպես միշտ ոգեւորում էր՝ ասելով, որ, եթե դու Դրոյի թոռն ես, ապա պետք է համայնքի մաս կազմես։ Պարտադիր չէ, որ դու առաջնորդես, բայց դու, ինչպես անգլերենով են ասում, «կաշիդ պիտի դնես խաղի մեջ», գիտե՞ք, ի՞նչ ասել է դա, այսինքն, դու պիտի քո ներդրումն ունենաս համայնքում։ Եվ ես, որպես երիտասարդ, ՀՅԴ Երիտասարդական միության ակտիվ անդամ եմ եղել, վերջերս անդամագրվեցի ՀՅԴ-ին՝ ԱՄՆ-ում։ Ես շատ ակտիվ եմ իմ համայնքում, իմ լավ բարեկամ, ընկերուհի Անի Ֆրանկյանի հետ մենք փորձում ենք կուսակցական ընկերներին օգնել` սովորելու պատմությունը, մշակույթը, որովհետեւ շատ դժվար է հայրենիքից այսքան հեռու գտնվելը։ Քանի որ դեռ պահանջ կա, որպեսզի մարդիկ հասկանան հայոց պատմությունը եւ սիրեն Հայաստանը։
-Պատմեք, խնդրեմ, նաեւ Ձեր մասնագիտության ու ընտանիքի մասին։
-Ես մասնագիտությամբ իրավաբան եմ՝ փաստաբան։ Ցավոք, երեխաներ չունեմ, բաժանված եմ։ Ես մի զարմուհի ունեմ. իմ եղբայրը գեղեցկուհի աղջնակ ունի՝ Գրեյս-Գայանե Կանայանը, անվանակոչված՝ ի պատիվ իր նախատատի եւ մեր տատիկի։ Դրոյի կինը՝ Գայանե Կանայանը, մահկանացուն կնքեց 105 տարեկանում, Բոստոնում, 2005 թ.։ Իսկ որդին՝ հասարակական գործիչ եւ ՀՅԴ նվիրյալ անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Մարտիրոս Կանայանը մահացավ 2009 թ. դեկտեմբերին՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Իմ հայրը շատ մեծ տեղ ուներ մեր կյանքում։ Նա շատ մեծ ուժ էր մեզ համար, որ մենք հասկանանք ու ճանաչենք մեր հայկականությունը, թե որտեղի՞ց ենք սերում։ Իսկ մայրս շատ կրթված կին է, փառք Աստծո, որ դեռ ողջ է, իսկ հայրս, ցավոք, մահացել է։ Ես միշտ ասում եմ, երբ ես թոշակի գնամ, եւ մայրս էլ արդեն ողջ չլինի, ես ինձ տեսնում եմ Հայաստանում ապրելիս, բայց մինչ այդ ժամանակը ես նվիրված որդի եմ եւ ուրախ եմ դրա համար։
-Հետաքրքիր է` ունե՞ք, արդյոք, փաստաթղթեր, որոնք պահպանում եք տանը մինչեւ այժմ։
-Դրոն շատ փաստաթղթեր չի պահել։ Նրա անձնական քարտուղարը դեռ ողջ է, եւ նրա ընտանիքը հնարավոր է որոշ փաստաթղթեր ունենա, բայց Դրոն ինքը չի պահել փաստաթղթեր։ Ես ունեմ իր վերջին անձնագիրը, նկարներ եւ մի ձայնագրություն, որը տվել եմ շատ մարդկանց եւ ուրախ կլինեմ ձեզ նույնպես տրամադրելու, որտեղ Դրոն պատմում է Բաշ Ապարանի ճակատամարտի մասին։ Եվ դա է միայն, որ ես պահել եմ։ Նրա համար կարեւոր էր Հայաստանին օգնելը, Հայաստանը պաշտպանելը եւ կարեւոր չի եղել` փաստաթղթավորում կլինի, թե՞ ոչ։
-Ձեր ընտանիքն ԱՄՆ-ում տարբեր տեղերում է բնակվել, ինչո՞վ է դա պայմանավորված։
-Մենք մեր ընտանիքում շատ պարզ փիլիսոփայություն ունենք. գնում ենք այնտեղ, որտեղ աշխատանքն է մեզ տանում։ Ապրում էինք Բոստոնում, հետո տեղափոխվեցինք Միչիգան, ապա աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Տեխաս։ Որոշ ժամանակ ապրում էի Հյուսթոնում, որը Տեխաս նահանգի ամենամեծ քաղաքն է։ Հետո աշխատանքային հնարավորություն ունեցա տեղափոխվելու Տեխասի եւ Լուիզիանայի սահմանը։ Համեմատելու համար ասեմ, որ Հայաստանի շատ հատվածներ շատ ավելի քաղաքակիրթ են. Տեխասն ու Լուիզիանան դեռ կովբոյական վիճակում են։ Գործի բերմամբ գնացի այնտեղ, հետո նորից վերադարձա Հյուսթոն։ Ուր որ աշխատանքդ քեզ տանում է, այնտեղ էլ պետք է գնաս։
-Ի՞նչ զգացողություն եք ունենում Հայաստան այցելելիս։
-Առանձնահատուկ զգացողություն եմ ունենում։ Երբ քայլում եմ անգամ ժայռի կողքով, ասում եմ՝ տե՛ս, սա ի՛մ ժայռն է։ Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ, ես չեմ կարող որեւէ բանի նայել եւ ասել, որ դա իմն է, իսկ երբ գալիս եմ Հայաստան, ասում եմ, որ սա ի՛մն է, սա ի՛մ տունն է, այստեղո՛վ է իմ ընտանիքը քայլում։ Դա շատ առանձնահատուկ զգացողություն է։ Ես դա կզգայի, նույնիսկ, եթե չլինեի Դրոյի թոռը, որովհետեւ իմ շատ ընկերներ, որոնք գալիս են Հայաստան, նույն զգացողությունն են ունենում. այո՛, սա մե՛րն է։ Ես կապված եմ այս ամենին։
-Այժմ Դուք Հայաստանում եք, երբ Հայաստանը դժվար ժամանակներ է ապրում։ Ի՞նչ մտքերով եք այս անգամ քայլում հայրենիքում։
-Ես կարող եմ ասել, որ միակ բանը, որ իմ ընտանիքը միշտ սիրել է, դա հայկական բանակն է։ Հիմա շատ մարդիկ՝ 44-օրյա պատերազմից հետո, հիասթափված են բանակից։ Այդ պատերազմից երեսուն տարի առաջ մենք բոլոր ճակատամարտերում հաղթել ենք։ Մեկ ամիսը չպետք է փոխի երեսուն տարվա պատմությունը։ Միակ բանը, որ մենք բոլորս պետք է անենք, դա մեր բանակը երկրպագելն ու սիրելն է։ Դա այն էր, ինչը Դրոն կպահանջեր։ Լինե՛նք նորից ամբողջական, լինե՛նք հզոր եւ սիրե՛նք միմյանց։
Զրույցը՝ Իրինա ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԿՐՊԵՅԱՆԻ
Պատմական գիտությունների թեկնածու