Մեզ անհրաժեշտ է հաղթանակ տանել մեղքի նկատմամբ։ Աստծո Որդին իրապես մեզ ազատեց մեղքի իշխանությունից։ Այն, ինչ վեր էր մեր ուժերից, իրականացրեց Աստված եւ անիծեց մեղքը մարմնում։ Այստեղ, երբ խոսում ենք մեղքի մասին, ամենեւին նկատի չունենք մեր մեղավոր անցյալի փորձությունները (ամեն Աստծո զավակի համար այն ծածկված է Քրիստոսի Արյամբ), այլ նկատի ունենք այն մեղքը, որն ամեն օր փորձում է օգտվել մեր անդամներից, որպես իր սեփական օրգաններ, որպեսզի ցուցադրի իր ուժը մեր մահկանացու մարմնում։ Երբ Աստծո զավակին բացատրում ես, որ ինքն արդեն ազատագրված է ամեն տեսակ մեղքից, դրանցից քեզ ազատել է Հիսուսը, երբ խաչի վրա իր կյանքը զոհաբերեց, նա ունակ է հավատալու դրան եւ ուրախանալու։ Բայց երբ նույն անձին ասում ես, թե դու ազատագրված ես նաեւ այն մեղքերից, որոնցից դու ամեն օր խուսափում, փախչում ես, ապա նա տրտմորեն է նայում քեզ եւ խոստովանում, որ, ցավոք, չունի այդ փորձառությունը, թեպետ ամեն օր պայքարում է մեղքի դեմ, երբեմն նույնիսկ հաջողությամբ, սակայն դեռեւս չկա մշտական հաղթանակ։ Նույնիսկ վստահություն չունեն, թե այս կյանքում հնարավոր է հասնել մեղքերի լիակատար թողության։
Շատերն են գտնվել այս մտայնության մեջ, սակայն կան այնպիսի վճռական քրիստոնյաներ, ովքեր չեն ցանկանում բավարարվել մեղքերի մասնակի ազատագրումով եւ թողությամբ։ Նրանք ցանկանում են լիարժեք ազատություն, ինչը խոստանում է Սուրբ Գիրքը։ Մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք եւ մեր ունեցածին տիրապետում ենք արդար հավատքի միջոցով։ Բայց հենց դադարում ենք հավատալ, նույնժամ զրկվում ենք ամեն ինչից։ Շատերս ենք տատանումների մեջ մաքրագործվում, հետո մեղք գործում, զղջում, թողություն խնդրում… Նորից ենք մեղք գործում… Երբեմն նույնիսկ թվում է, թե հնարավոր չէ լիարժեքորեն ձերբազատվել մեղքից… Սակայն Աստծո գթասրտությամբ նվիրաբերվում է լույսը Սուրբ Հոգու եւ Իր Խոսքի միջոցով, այնպես, որ մենք կարողանում ենք լիաթոք ասել. «Իմ աշխարհը եւ իմ խաղաղությունն այսօր շատ ավելի խորն են, քան նախկին անհանգստություններն ու հուզմունքները»։
Այս մտքերն ու գաղափարները լույսի պես ճառագում են Հռովմեացիս թղթի վեցերորդ գլխից. «Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհքը շատանայ։ Քաւ լիցի, մենք որ մեռանք, էլ ինչպէ՞ս դեռ կապրենք նորանում։ Կամ չգիտե՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք, նորա մահուանը մկրտուեցանք։ Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ, որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։ Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կլինինք։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլեւս չծառայենք մեղքին։ Որովհետեւ նա, որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։ Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք, որ նորա հետ էլ կապրենք։ Գիտենալով, որ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլեւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլեւս չէ տիրում։ Որովհետեւ այն որ մեռաւ մէկ անգամ, եւ այն, որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։ Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։ Սորա համար թող մեղքը չթագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին»։ Հռովմեացիս 6։1-12
Այս գլխի ամեն մի հատվածը մեզ՝ հոգնածներիս համար երկնային հաց է, բարձր աշխարհից ճառագող լույս։ Այստե՛ղ է կարելի բացահայտել հաղթանակի կյանքի գաղտնիքը։
«Որովհետեւ երբոր մեղքի ծառայ էիք՝ ազատ էիք արդարութիւնիցը։ Արդ ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամօթ էք քաշում. որովհետեւ նորանց վերջը մահ է։ Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։ Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը»։ Հռովմեացիս 6։20-23
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ