Միջազգային օրակարգի կարեւոր թեմաներն այսօր հացահատիկի եւ էներգետիկայի մատակարարումներն են։ Երկու դեպքում էլ առանցքային հանգույց դառնալու հայտ է ներկայացրել Թուրքիան եւ մինչ այժմ կարողանում է օգտվել միջազգային զարգացումների ընձեռած հնարավորություններից։ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը երեկ հայտարարել էր, որ հացահատիկի գործարքի վերականգնումն անհնար է։ Բացատրությունն այն է, որ «անվտանգության միջանցքն օգտագործվում է ահաբեկչական հարձակումների համար»։ «Սեւծովյան նավատորմի նավերի դեմ ահաբեկչական հարձակումների համար անվտանգության միջանցքի օգտագործումն անընդունելի է։ Նույն պայմաններով հացահատիկի գործարք չի կարող լինել»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։ Հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտնել էր, որ հացահատիկի գործարքը կասեցնելու՝ Ռուսաստանի Դաշնության որոշումը կապված է հումանիտար միջանցքի համար սպառնալիք ստեղծելու հետ, մինչդեռ Ռուսաստանը ոչ թե հրաժարվում է գործարքից, այլ դադարեցնում էր իր մասնակցությունը։
Հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, այն է՝ դրա իրականացմանը Ռուսաստանի մասնակցության կասեցումը, էապես մեծացնում է Թուրքիայի՝ հացահատիկի եւ էներգետիկայի միջազգային հանգույց դառնալու հնարավորությունները։ Արեւելյան միջերկրածովյան շրջանում Թուրքիայի «Կապույտ հայրենիք» ռազմավարության հեղինակ, թուրքական ռազմածովային ուժերի պաշտոնաթող փոխծովակալ Ջիհաթ Յայջին ստեղծված իրավիճակը համարել է «պատմական հնարավորություն». «Գնելով այս ապրանքները Ռուսաստանից եւ Ուկրաինայից՝ հացահատիկի եւ արեւածաղկի ձեթի աշխարհի խոշորագույն արտադրողներից, Թուրքիան կարող է այն մատակարարել համաշխարհային շուկաներ: Թուրքիայի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական դիրքը թույլ է տալիս նրան դառնալու հացահատիկի եւ գազի միջազգային հանգույց»։
Ինչ վերաբերում է դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարմանը, Յայջին կարծում է, որ Թուրքիայի նպատակը պետք է լինի տարանցիկ երկրից մատակարարող երկրի վերածվելը։ Ի դեպ, հոկտեմբերի 31-ին Սոչիում լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրատեսական նախագիծ է համարել Թուրքիայում գազային հանգույցի կայացումը, որը կարող է արագ գործարկվել: Նրա խոսքով՝ Ռուսաստանն ընտրել է Թուրքիան որպես գազային հանգույց, քանի որ չի կարող ուղղակիորեն աշխատել Եվրամիության հետ։
Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են նոր գազային հանգույց ստեղծել՝ եվրոպական մայրցամաք վառելիք մատակարարելու համար։ Եթե Մոսկվան հույս ունի այդ կերպ փոխհատուցել «Հյուսիսային հոսքի» կորստի պատճառով կրած կորուստների առնվազն մի մասը, ապա հաջողության դեպքում Անկարան կարող է հավակնել գազի շուկայում ամենամեծ տարածաշրջանային խաղացողի դերին։ Այս նախագծի հաջողությունը պայմանավորված է նաեւ Բրյուսելի որդեգրած քաղաքականությամբ։ Եվրահանձնաժողովը դեռեւս մարտին առաջարկել էր ԵՄ երկրներին ամբողջությամբ հրաժարվել ռուսաստանյան ածուխից, նավթից եւ գազից մինչեւ 2030 թ.։ Ի սկզբանե ԵՄ-ն նախատեսում էր 2022 թ. Ռուսաստանից ներմուծումը կրճատել 50 միլիարդ խորանարդ մետրով, այսինքն՝ մոտ մեկ երրորդով։ Տնտեսագիտության եւ ֆինանսների ինստիտուտի էներգետիկայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գրոմովը նշում է, որ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես ծրագրել էին եվրոպացի պաշտոնյաները, ապա Եվրոպային, իսկ ավելի ստույգ՝ առանձին եվրոպական երկրների ռուսական գազը պետք կգա եւս երկու-երեք, առավելագույնը չորս տարի։
Ամբողջական պատկերը, սակայն, կերեւա ձմռանը, երբ պարզ կդառնա Եվրոպայի իրական կախվածությունը ռուսական վառելիքից։ Ավելին՝ հաջորդ սեզոնին նախապատրաստվելիս ԵՄ-ն այլեւս չի ունենա միլիարդավոր խորանարդ մետր էժան գազով լցված ստորգետնյա պահեստարանները, որոնք ձեռք են բերել այս տարվա առաջին կեսին։ Այդ պարագայում արդյոք Եվրամիությունը հաստատակա՞մ կլինի ռուսական գազից հրաժարվելու իր մտադրության մեջ, թե՞ այնուամենայնիվ, ձմեռը որոշակի խմբագրումներ կմտցնի։ Այդ մասով Պուտինը նշել էր, որ իրենք կարող են եվրոպական երկրներն օգտագործել որպես տարանցիկ երկրներ աշխարհի այլ տարածաշրջաններ առաքումներ իրականացնելու համար։ Միաժամանակ կարծիք էր հայտնել, որ Եվրոպայում նույնպես դեմ չեն լինի օգտվելու ռուսական գազից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր ՌԴ նախագահի հետ Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու համաձայնության մասին, որով Ռուսաստանը կարող է գազի տարանցումը հյուսիսային հոսքից տեղափոխել սեւծովյան տարածաշրջան եւ Թուրքիա։ Արդեն հոկտեմբերի 25-ին Թուրքիայի կառավարությունն սկսել էր գազային հանգույցի ստեղծման աշխատանքները։
Հացահատիկի եւ էներգետիկ հանգույց լինելը լավագույն նվերն է Էրդողանի համար սպասվող նախագահակական եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս ազդեցության լծակներ ստանալ եւ քաղաքական առեւտուր կատարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Չնայած այդ ամենին, մարտահրավերները բազմաթիվ են, որոնց լուծման համար կողմերը դեռեւս պատրաստ չեն։ Հինը ապամոնտաժելու եւ նորը կառուցելու ճանապարհին փորձ է արվում կարճաժամկետ կտրվածքով լուծումներ գտնել երկարաժամկետ հեռանկարում առավել նպաստավոր դիրքերում հայտնվելու համար։