Վերջին` դեռեւս չլրացած մեկ ամսում մեր հոգնած աշխարհը չտեսնված ցնցումների ականատես եղավ, եւ դրանք դեռեւս շարունակվում են ամբողջ թափով։ Թվում է` կանգնած ենք հերթական աֆղանական սինդրոմի առջեւ` վերջը չի երեւում։ Սակայն այս բախումը շատ ավելի վտանգավոր է մարդկության համար, որպեսզի համեմատվի աֆղանական, վիետնամական, մերձավորարեւելյան կամ Երկրորդ համաշխարհայինից հետո ծագած որեւէ մի այլ տեղական հակամարտության հետ։ Թերեւս, կարիբյան ճգնաժամը միայն կարելի լինի հիշատակել, որը փակվեց առանց հետեւանքների` քաղաքական կամքի եւ բանականության գերագույն լարման շնորհիվ։ Այսօր նման պահ է, եւ նման լուծում է պետք։ Լուծումներ չենք առաջարկելու, ամենահեշտ բանը մեր դիրքերից` խոսքով լուծումներ գտնելն է։ Սակայն իրականությունը չափազանց ավելի բարդ է, ինստիտուտներ են աշխատում, հսկայական գումարներ ներդրվում, ու լուծումներ, այնուամենայնիվ, չեն գտնվում։ Այսօր տեղեկատվության հոսքն այնպիսի մակարդակի է հասել, որ միայն դրանց մեջ կողմնորոշվելն արդեն մեծ խնդրի է վերածվել։
Ճշմարտությունների բախում
ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինան իր միջուկային ներուժով աշխարհում երրորդ երկիրն էր, փաստորեն։ Տարբեր ճնշումների ազդեցության տակ նա միացավ միջուկային զենքի չտարածման պայմանագրին` աստիճանաբար իր ամբողջ զինանոցը փոխանցելով Ռուսաստանին։ Փոխարենը նա ակնկալում էր իր տարածքի անձեռնմխելիություն։ 1994 թ. հունվարին Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները ստորագրեցին Ուկրաինայի միջուկային զինաթափման համաձայնագիրը։ Նույն թվականին ստորագրվեց Բուդապեշտի հուշագիրը` միջուկային պետությունների կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխավորման մասին։ 2012-ին Ուկրաինան իր ողջ հարստացված ուրանի վերջին խմբաքանակը տեղափոխեց Ռուսաստան` անտեսելով սառը պատերազմից ի վեր գործող ճշմարտությունը, որ միջուկային զենքի առկայությունը ժամանակակից աշխարհում ծառայում է որպես ագրեսիայի զսպման եւ սեփական անվտանգության գործիք։ Ընդամենը երկու տարի անց` 2014-ի փետրվար-մարտին, հայտնի իրադարձությունների խորքի վրա, Ռուսաստանի Դաշնությունը հանրաքվե անցկացրեց Ղրիմում` Ռուսաստանին միանալու վերաբերյալ, ինչը ճանաչեցին միայն մի քանի արբանյակ պետություններ։ Կարեւոր է խոստովանել, որ ինքը` Ղրիմի ժողովուրդը, դա ընդունեց մեծագույն ցնծությամբ եւ անասելի երջանկությամբ։ Ընդունված է, որ այստեղից սկսվեց ռուս-ուկրաինական բաց հակամարտությունը, որը, ի վերջո, հանգեցրեց ներկայիս կործանարար պատերազմին։ Արդարության համար մեր կողմից նշենք, որ հակառուսական տրամադրությունները Ուկրաինայում հստակ դրսեւորվում էին դեռ դրանից շատ առաջ, թեկուզ` ՎՈՒԱՄ միությանը անդամակցության տեսքով, որը վատ թաքցված հակառուսական բնույթ էր կրում։ Կան ոչ անհիմն տեսակետներ, թե ռուս-ուկրաինական հակամարտության վերջնական սրումն իրականացավ Ուկրաինայի` Եվրոպայի հետ մերձեցման «Արեւելյան գործընկերություն» ծրագրից չհրաժարվելու (ինչը կատարվեց, օրինակ, Հայաստանում) եւ 2014-ին Եվրամիության հետ գործընկերության եւ համագործակցության պայմանագրի կնքման պատճառով։ Սա՝ ուկրաինական ճշմարտությունը։ Այստեղ համարում են, որ իրենց խաբել, դավաճանել են` խախտելով ստորագրված պայմանավորվածությունները։
Ռուսաստանն իր կողմից համարում է, որ Արեւմուտքն է խախտել պայմանավորվածությունը` ԽՍՀՄ լուծարումից հետո դեպի Ռուսաստան չծավալվելու շուրջ, ՆԱՏՕ-ի կազմում է ընդգրկել հետխորհրդային հանրապատությունների եւ ռազմական վտանգ ստեղծել ՌԴ սահմանների անմիջական հարեւանությամբ։ Ուկրաինայում իրականացված 2014-ի հեղաշրջումը եւ ընտրված նախագահի վտարումը այստեղ բացատրում են Արեւմուտքի անմիջական միջամտությամբ։ Վերջին ծավալումների ուղղակի առիթ դարձավ նաեւ արեւմտյան պետությունների եւ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային եւ Վրաստանին տրված` հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամ վերցնելու խոստումը։ Պիտի հաշվարկեին, որ դա ուղղակի վտանգ է Ռուսաստանի սահմաններին եւ կարող է այս վիճակին հասցնել։ Այս տրամաբանությամբ Ռուսաստանը այլ քայլ չուներ անելու` հետո ավելի դժվար էր լինելու։ Շատերը կարծում են, որ այսօր էլ ուշացած է։ Սատարելով ինքնուրույնության ձգտող հանրապետթւթյուններին, Ռուսաստանը ոտնահարեց 70-ականների վերջին կայացված կիսալեգալ ներքին պայմանավորվածությունը` կոնֆլիկտների դեպքում գերակայություն տալու տարածքային ամբողջականությանը։ Այսօր քչերն են հաշիվ տալիս, որ Երկրորդ համաշխարհայինից ընդամենը մի 20-30 տարվա ընթացքում աշխարհի քարտեզի վրա հայտնվեցին շուրջ 100 նոր անկախ պետություններ (որոնցից ոմանք այսօր լկտիորեն պայքարում են ինքնորոշման կիրառման դեմ այլ երկրներում)։ Իսկ 21-րդ դարում, եթե չեմ սխալվում, ընդամենը 2-3 պետություն է անկախություն ստացել` մեծագույն դժվարության եւ զոհերի գնով։ Փոխարենը հանդես է եկել նոր կարգավիճակ` չճանաչված (ինքնահռչակ) պետություններ, որոնք գնալով բազմանում են, ու միտումը շարունակվելու է։ Սա վկայում է միջազգային համապատասխան կազմակերպությունների լճացման, փտածության մասին` ո՞վ «հավես» ունի հիմա նոր քարտեզներ գծելու, նոր որոշումներ ընդունելու եւ այլն։ Ռուսաստանն այսօր մարտահրավեր է նետել այս մոտեցմանը, այդ պատճառով ընկալվում է որպես «հանգստության խռովող»։ Ուկրաինական թնջուկում Ռուսաստանի վարքագծում առաջադիմական ենք համարում պատմական ճշմարտության եւ ազգերի ինքնորոշման գաղափարների շրջանառության մեջ մտցնելը։ Մյուս կողմից` մեզ համար վտանգավոր է Հելսինկյան եզրափակիչ ակտի 3-րդ սկզբունքի (ուժի կիրառմամբ հարցերի լուծման անթույլատրելիություն) խախտման պահը։ Վստահության հիմքեր չկան, որ Թուրքիան եւս, որ մինչ այդ էլ առանձնահատուկ ակտիվ է եղել այդ սկզբունքը ոտնահարելու մեջ, չի կարող չշարունակել նույնը Հայաստանում։ Ահա ձեզ արդյունքը, երբ երկու տարի առաջ լռելյայն ընդունվեց հարցերը պատերազմով ու կոտորածով լուծելու Ադրբեջանի նախադեպը։ Ռուսաստանի ձեռագրում այս թվացող հակասության մեջ, կարծում ենք, անտեսվում է համամարդկային մեկ այլ` արդարության սկզբունքը, որը կարող էր վճռորոշ լինել։ Որքանո՞վ արդար է, որ իր ինքնությունը (հայերի դեպքում` գոյությունը) պահպանելու համար ոտքի կանգնած ժողովրդի վրա իրավաբանորեն սեփականը համարվող պետությունը տանկեր է ուղարկում եւ ռմբահարելով կոտորում իր իսկ քաղաքացիներին։ Այսպես էր Ադրբեջանում, այսպես է Ուկրաինայում։ Իսպանիայում, օրինակ, կատալոնացիների համանման շարժումը կանխվեց, չէինք ասի արդար, բայց համենայնդեպս, ավելի քաղաքակիրթ, անարյուն ձեւով` ղեկավարների մեկուսացմամբ։
Ում դեմ է կռվում Ռուսաստանը
Ուկրաինայում բորբոքված ծավալուն պատերազմը զարմացրեց շատերին։ Սկզբում Արեւմուտքը կարծես հաշտվել էր Ղրիմի` Ռուսաստանին միացման հետ եւ լուռ համբերում էր` չափազանց համարելով Դոնեցկի եւ Լուգանսկի իրադարձությունները։ Փետրվարին ռուսական զորամիավորումների` այս չճանաչված հանրապետություններ մուտքից հետո, գլոբալ հակամարտությունից վախենալով, կարծես հնարավոր էր նաեւ երկու հանրապետությունների կարգավիճակի հետ համակերպումը, քննարկումների սկսումն այս թեմայով։ Սակայն աշխարհին չափազանց զարմացրեց եւ գրգռեց Ռուսաստանի ներխուժման անսպասելի շարունակությունը դեպի երկրի խորքերը։ Անկեղծ ասած` այստեղ բոլորս ականատես էինք նաեւ Արեւմուտքի դերին, նույնիսկ շահագրգռվածությանը` բախման կայացման եւ շարունակության մեջ։ Կարծես նա ինքն էր պնդում պատերազմի հարցում, համոզում Ուկրաինային` սա դիտարկելով որպես Ռուսաստանի քայքայման հերթական փուլ, ապա` ամեն կերպ օժանդակում, որ պատերազմի ողջ ծանրաբեռնվածությունը մնա այս երկրի զինվորականության ուսերին։ Ուկրաինայի նախագահ Զելինսկուն ակնհայտորեն համոզում եւ գրգռում էին անզիջում դիրքորոշման։ Անվտանգության երաշխիքներ պահանջող Ռուսաստանին կոպիտ կերպով մերժում էին, ակնհայտ չափազանց էր Ուկրաինային եւ Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամության խոստումը, դրա հետեւանքները պետք է հաշվի առնեին։ Այս տրամաբանության դեպքում Ռուսաստանը այլ քայլ չուներ անելու` հետո ավելի դժվար էր լինելու։ Ամենաարտառոցն այն է, որ վերջին տվյալներով արդեն ԱՄՆ-ում են սկսել վարձկանների լեգալ հավաքագրումը` Ուկրաինա ուղարկելու համար, եւ եթե թուրքերն ամիսը 2000 դոլարով էին արաբ ահաբեկիչներին պատերազմի ուղարկում Արցախ (այն էլ մեծ մասամբ խաբում էին ու չէին տալիս), ԱՄՆ-ում այդքան խոստանում են մեկ օրվա համար…
Այնպես որ, ամեն ինչ Պուտինով բացատրելը դեռեւս մետաղադրամի մի երեսն է (Z տառը սկսել են անվանել «Պուտինի սվաստիկա»)։ Նրա իմպերիալիստական ձգտումների մասին փաստարկները մակերեսային են։ Պուտինը ԽՍՀՄ-ը չի վերականգնում, ոչ էլ Ռուսական կայսրությունը, ինչպես պնդում են։ Նա ընդամենը չի կարողանում հաշտվել, որ իր ժողովուրդը, մեծ մշակույթ եւ ներդրումներ ունեցող ազգը, իր բնական հայրենիքում պիտի գոյատեւի մեկ այլ իշխանության տակ` որպես «ազգային փոքրամասնություն», ու աստիճանաբար, սպիտակ ջարդի ձեւով, ձուլվի կամ արտագաղթի։ Եվ եթե քաղաքակիրթ միջոցներով դա չի հաջողվում լուծել ժամանակակից աշխարհում, նա ի վիճակի է սեփական ուժերով վերականգնել արդարությունը իր ժողովրդի համար։ Սա է ամբողջ բանաձեւը։
Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ, կատարելով այս ճակատագրական քայլը, Ռուսաստանը չէր կարողացել մինչեւ վերջ հաշվարկել հանգամանքը, որ իր կռիվը Ուկրաինայի հետ չէ, իր կռիվը ամբողջ Արեւմուտքի հետ է (կճշգրտեի` անգլոսաքսոնական աշխարհի)։ Ռուսաստանը մտածում էր, որ կդասավորվի, ինչպես Վրաստանում, բայց Ուկրաինան անհամեմատ մեծ երկիր է, եւ ոչ պակաս կարեւոր հանգամանք` գտնվում է Եվրոպայի կենտրոնում եւ, անկասկած, շատ ավելի մեծ ռազմական օգնություն կստանա։ Ռուսաստանին դիմակայելու համար Ուկրաինայում խնդիր չէ մի 200 հազար զորք դուրս բերելը` փաստորեն, անսահմանափակ զենքի մատակարարման պայմաններում։ Ռուսաստանն այդքան զորք էլ չի ներգրավել պատերազմում, չի ընդգրկում բոլոր հնարավորությունները այս ռազմական գործողությունում։ Իր ամբողջ գաղտնի զինատեսակները չի ներգրավում` նույնիսկ դրանից առաջ վարժանքներում փորձարկվածները։ Կիրառվում է միայն կետային հրետակոծությունը։ Օգտագործվող արմատական կրակային միջոցներն են առայժմ «Կինժալը» եւ «Իսկանդերը», իսկ ամենահզորները (օրինակ` Ցիրկոնը եւ այլն) դեռեւս չեն երեւում։ Ռուսաստանը, իհարկե, ճիշտ է, որ լայնածավալ պատերազմի չի գնում, որտեղ կարող է դրսեւորվել նրա ահռելի ուժը, այլ սահմանափակվում է մասնակի ռազմական գործողություններով։ Այսուհանդերձ, ռազմական, տեխնիկական, հետախուզական վրիպումներին գումարվում են նաեւ քաղաքական հաշվարկներում բացթողումները։ Այսպես` դժվար է հասկանալ` ինչ միտք ունեն Կիեւի, Խարկովի, Խերսոնի վրա հարձակումները, երբ դրանք գրավելուց հետո չեն իմանալու` ինչ անել։ Ռուսաստանն իր քաղաքական ուժերը չունի Ուկրաինայում, չնայած դրա հողը կա` ի դեմս ռուս բնակչության, բայց չի նախապատրաստվել այն քաղաքական ուժը, որ հաղթելու դեպքում կվերցնի իշխանությունը։ Միայն պատերազմի կեսից հանկարծ հիշեցին Յանուկովիչի անունը, բայց արագ հասկացան, որ այս հապճեպ պայմաններում այլեւս հնարավոր չէ նրա վրա խաղադրույք կատարել։ Գծագրվում է, որ սխալ տեղեկատվություն եւ վերլուծություններ են մատուցվել գերագույն հրամանատարին, ըստ որոշ աղբյուրների` քննություններ են կատարվում այս ուղղությամբ։ Ռուսաստանում այսօր ոչ միայն զգացվում է, որ կանգնած են աֆղանական սինդրոմի առջեւ, այլեւ կարող են հայտնվել Նապոլեոնի կարգավիճակում։ Ե՛վ քաղաքական, եւ՛ ամենաուղղակի` միջադեպերի իմաստով։ Հակամարտող տեղական բախտախնդիրները լիովին պատրաստ են պայթեցնել ատոմակայանը եւ մեղքը գցել Ռուսաստանի վրա։ Սա արդեն Մոսկվան հրդեհելը չէ…
Այս դժվարությունները աննախադեպ առիթ են ստեղծել Ուկրաինայի համար` բանակցությունների միջոցով հասնելու կործանարար զարգացումների կանխմանը։ Ռուսաստանը գրեթե համաձայնել է ընդհատել մարտական գործողությունները` առաջարկելով բանակցություններ Մինսկի փաստաթղթերին մոտ պայմաններով` իր կողմից որպես պայման ներկայացնելով Ղրիմի ու երկու հանրապետությունների փաստացի կարգավիճակի ճանաչումը եւ Ուկրաինայի ռազմական չեզոքությունը։ Վերջին պայմանին, ըստ հայտարարությունների, կարծես համաձայնել են Ուկրաինայում, հանրապետությունների կարգավիճակն էլ, քանի որ ոչ մի ղեկավար չի դնի իր ստորագրությունը նրանց անկախության տակ, կարելի է բանակցելով հասցնել ինքնավարության։ Ռուսաստանի հետ սահման ունենալով` այստեղի ժողովրդի ինքնությանն այլեւս վտանգ չի սպառնա, ինչը եւ վերջնանպատակն է։ Դե իսկ Ղրիմի կարգավիճակի հարցն էլ կարելի է սառեցնել` միեւնույնն է, ամբողջ աշխարհը արդեն գիտի՝ ինչն ինչոց է։ Մինչեւ տարածքային ամբողջականության այդ կարծր սալը կպայթի, որ հասունանում է։ Այսօր ամենեւին ակլորանալու ժամանակը չէ, կոնֆլիկտի հետեւանքները վախեցրել են երկու կողմին էլ, եւ եթե Ուկրաինան չկարողանա ցուցաբերել պահանջվող ճկունությունը, Ռուսաստանը միանգամայն ի վիճակի է վերադառնալու նախկին ծրագրերից որեւէ մեկին։ Ինչպե՞ս կարելի է անտեսել, որ ռուսական զորքերն Օդեսայի մատույցներում են` մի փոքր էլ առաջ գնան, միանում են Մերձդնեստրին, եւ Ուկրաինան մնում է առանց ծովային ելքի։
Հրաչյա ՎԱՐԴԱՆՅԱՆ