Մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել էր, որ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս: ԶԼՄ-ներով տարածված այս տեղեկությանը նաեւ լուսանկար էր կցված: Այն Արցախի՝ ավելի քան երեք ամիս շարունակվող շրջափակման ամենախոսուն վկան էր, համենայնդեպս, ինձ համար, ամենախոսունը թե՛ լուսանկարում, թե՛ դրանից դուրս, որովհետեւ այնտեղ պատկերված էր… ուղեփակոց: Կապ չունի, որ այն ժամանակավոր է, որ այն միջսահմանային չէ, որ այն զուտ անվտանգային ու նախազգուշական դեր ունի, կապ չունի, թե այն ինչ գույնով է ներկված եւ, վերջապես, կապ չունի, թե դրա մոտ ով ու ովքեր են լուսանկարված կամ դեռ ովքեր են լուսանկարվելու: Ավելի կարեւոր է այն հարցը, թե ինչո՞ւ այն գոյություն ունի եւ դեռ ինչքա՞ն է գոյություն ունենալու:
Արցախի ազատագրումից ու ինքնորոշումից հետո Հայաստանի ու Արցախի միջեւ ուղեփակոց չի եղել: Հիմա հենց այն իրավիճակն է, որի մասին Պարույր Սեւակն էր գրել դեռ 60 տարի առաջ: Իհարկե, Սեւակի մոտիվն ու թեման բոլորովին այլ էին, բայց ինչպես նա էր իր ասածի մեջ փոխաբերական իմաստ դրել, նույնը թույլ տանք մեզ՝ առանց, իհարկե, Սեւակի հետ համեմատվելու.
Պարտականության ու սիրո միջեւ
Այդ ես եմ տնկված՝
Ուղեփակոցի գերանի նման…
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ի տես բոլորի ազդարարող ուղեփակոցը հենց պարտականության ու սիրո միջեւ է դրված՝ բոլորիս պարտականության ու սիրո միջեւ: Մենք մոռացե՞լ ենք պարտականության եւ սիրո մասին, չե՞նք ուզում այդ մասին հիշել, թե՞ չենք կարողանում արտահայտել այն… Որեւէ պատասխան արդարացում չէ այն կամա թե ակամա ամնեզիայի համար, որն այս պահին արտահայտվում է ուղեփակոցի գոյությամբ: Ուղեփակոցն ինքնին, ուզենք թե չուզենք, խոսում է փակ ճանապարհի մասին, եւ առնվազն կրկնակի ցավալի, իսկ վերջում էլ ողբերգական է լինելու, եթե այն փակի նաեւ մարդկային սրտի եւ հոգու ճանապարհները:
Հնարավոր չէ ասել, թե Լաչինի միջանցքի՝ Հայաստանի կողմից սկզբնամասում դրված հիշյալ ուղեփակոցի որ կողմում է պարտականությունը եւ որ կողմում՝ սերը, որովհետեւ Արցախի ու Հայաստանի պարագայում դրանք խառնված են իրար եւ անբաժան են իրարից: Անբաժան են ինչպես բարոյական, այնպես էլ իրավական իմաստներով, եւ, ինչպես ասում են, սա բնավ էլ լիրիկա չէ: Լիրիկան լինելու է այն դեպքում, եթե, Աստված մի արասցե, ժամանակավոր այդ ուղեփակոցը վերածվի միջսահմանային ուղեփակոցի: Այդ ժամանակ Մուշի ու Սասունի մասին լիրիկային ավելանալու է նաեւ լիրիկան Արցախի մասին…
Վերոհիշյալ՝ «Այդպես չեն սիրում» բանաստեղծությունը Պարույր Սեւակն ավարտում է հետեւյալ տողերով.
Հիմա դու իմն ես, որքան որ իմն է… Մադագասկարը,
Հիմա դու իմն ես,
Որքանով իմն է… Հաբեշստանի արքայադուստրը…
Այսպես չե՜ն սիրում:
Այսպես… մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փտում են հին նավակները ծովախորշերում…
Կրկնեմ՝ Սեւակի այս ստեղծագործությունն այլ մոտիվ ունի, որը հաստատ Արցախը չէր, առավել եւս՝ 1963 թ. դեկտեմբերին, երբ գրվել է բանաստեղծությունը: Բայց Աստված չանի, որ ինչ-որ ժամանակ հետո մենք այսպես մտածենք, գրենք կամ երգենք Արցախի մասին: Ի՞նչ կլինի այդ դեպքում. պատասխանեմ իմ մասնագիտական՝ լրագրողական աշխատանքի ընթացքին առնչվող մի դրվագով, որը հարցի հնարավոր ու հավանական պատասխանն է զուտ մեկ՝ պատմամշակութային տեսանկյունից:
Մոտավորապես 20 տարի առաջ աշխատանքի բերումով Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում էի: Քաղաքը, ինչպես հայտնի է, թուրքական օկուպացիայի հետեւանքով կիսված է հույների ու թուրքերի միջեւ: Որոշեցի առիթն օգտագործելով՝ այցելել օկուպացված թուրքական մասում գտնվող հայկական եկեղեցի: Նախ անցա կիպրոսցի սահմանապահների, ապա՝ ՄԱԿ-ի խաղաղապահների անցակետերով, հաջորդը թուրքական զինվորների կողմից դրված անցակետն էր: Հայկական անձնագրիս մեջ դրեցին իմ անուն-ազգանունը ներառող կնքված մի թերթիկ, առանց անձնագրի մեջ կնիք դնելու, եւ ես արդեն Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի բռնազավթված մասում էի: Հայկական եկեղեցու տեղն անգլերենով հարցնելու փորձերս իզուր էին, ստիպված եղա օգտագործել թուրքերեն «Էրմենի քիլիսա» բառակապակցությունը: Առաջին պատահած թուրքն անզոր եղավ օգնել ինձ, ի վերջո, մեկն ինձ մոտավորապես մատնացույց արեց հայկական եկեղեցու տեղը: Սակայն այն, ինչ տեսա, ոչ թե եկեղեցի էր, այլ՝ եկեղեցի եղել էր (տես՝ լուսանկարը)… Հիշեցնեմ, որ խոսքը Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի՝ թուրքերի կողմից բռնազավթված մասում գտնվող հայկական եկեղեցու մասին է…
Սա այն հարցի մի պատասխանն է, թե ինչ կլինի հետո, եթե Լաչինի միջանցքի սկզբնամասում դրված ժամանակավոր այդ ուղեփակոցը վերածվի միջսահմանային ուղեփակոցի: Ադրբեջանն Արցախում արդեն իսկ ապացուցել է, թե ինչպիսի «գորովալից» վերաբերմունք ունի հայկականի հանդեպ՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ավերումից ու պղծումից մինչեւ Հադրութի շրջանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու պղծում… Միեւնույն ժամանակ հիշեցնենք, որ կա «թե ինչ կլինի հետո» հարցի եւս մեկ հնարավոր ու հավանական պատասխան, ընդ որում՝ ավելի դաժան պատասխան, որն արդեն իսկ, ցավոք, ծանոթ է մեզ մեր պատմությունից, որը կոչվում է էթնիկ զտում՝ իր կուլմինացիայով՝ ցեղասպանությամբ…
Ավարտենք կրկին ԱՄՆ դեսպանին վերաբերող հաղորդագրությամբ, որը տարածվել էր 2021 թ. ապրիլին. Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտել էր թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը. Մակարավանքի բակում թուրք երիտասարդները խնջույք էին արել…
Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ